երեքշաբթի, 28 դեկտեմբերի 2004
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցումից հետո՝ կառավարության 2002թ. օգոստոսի 28-ի N 1318-Ա որոշման համաձայն, «Հայգազարդ» ՓԲԸ-ին փոխանցված էլեկտրական էներգիայի գծով դեբիտորական պարտքերի հետագա տնօրինման վերաբերյալ համակարգված և արդյունավետ առաջարկություններ մշակելու նպատակով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովն այսօր հրավիրել է նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը:
Նիստում քննարկվել է մինչև 2002թ. հոկտեմբերի 1-ը էլեկտրաէներգիայի գծով հանրապետության բնակչության ունեցած պարտքի մարման վերաբերյալ Քաջարանի համայնքի ավագանու որոշումը՝ քաղաքի վարչական սահմանում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մասնավորեցման արդյունքում Քաջարանի համայնքային բյուջե փոխանցված միջոցներից 27 մլն ԱՄՆ դոլար ուղղել հիշյալ ժամանակահատվածի դրությամբ հանրապետության բնակչության ունեցած էլեկտրաէներգիայի պարտքի լիովին մարմանը: Նման որոշում է կայացվել՝ նկատի առնելով նաև հանրապետության նախագահի և վարչապետի առաջարկը՝ բնակչության պարտքի մարման խնդիրն այդ միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը ներկայացնելով համայնքի ավագանու որոշումը, իր ուրախությունն է արտահայտել Ամանորի շեմին հանրապետության բնակչությանը նման աջակցություն ցուցաբերելու առիթով, միաժամանակ գոհունակություն հայտնելով կառավարության որոշմամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ոչ արտադրական գույքը՝ Քաջարան քաղաքում գտնվող մշակույթի պալատը, մարզահամալիրի, այդ թվում՝ ֆուտբոլային դաշտի, N 1 մանկապարտեզի գույքն անհատույց Քաջարանի քաղաքային համայնքին օտարելու մասին, որով լուծվել է վերջիններիս բնականոն գործունեության ապահովման խնդիրը:
Նիստում հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի նախարար, հանձնաժողովի անդամ Արմեն Մովսիսյանին՝ իր հրամանի համաձայն այսօրվանից դադարեցնել մինչև 2002թ. հոկտեմբերի 1-ը բնակչության կուտակած պարտքերի հավաքագրումը և 20-օրյա ժամկետում ներկայացնել նշված պարտքերի մարման մեխանիզմը, պարտքատերերի ցանկը (ըստ համայնքների և անհատական): Որոշման մասին բնակչության իրազեկման և պարտքի մարման գործընթացին, հանձնաժողովի որոշմամբ, կներգրավվեն հանրապետության մարզպետներն ու համայնքների ղեկավարները ևս: