չորեքշաբթի, 26 օգոստոսի 2020
ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցումներ է իրականացրել. ստուգայցերը շարունակվում են
Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Սիթի» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Առնադո» («ԴԴԴ» սպորտային համալիր) և «Ստալկեր» ընկերությունների գործունեությունը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝ նշված սպորտային համալիրում մարզասարքերի միջև չէր պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել էր յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել էր ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։ Մյուս երկու ընկերությունում արձանագրվել էին աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չկրելու, ջերմաչափման գրանցամատյանի վարման, ինչպես նաև մի շարք այլ խախտումներ։
Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն այսօր շարունակվել են հանրապետության ողջ տարածքում։ Ստուգայցեր իրականացվել են պետական մարմինների վարչական շենքերում, բժշկական կազմակերպություններում, արտադրական ձեռնարկություններում և մանրամեծածախ առևտրի կետերում։
Արձանագրված խախտումներն ուղարկվել են պարետատուն: