հինգշաբթի, 30 դեկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել են 2005թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին փախստական ընտանիքների համար բնակարանների գնման կարգի մասին և պետբյուջեով նախատեսված միջոցներով Լոռու և Շիրակի մարզերում երկրաշարժի հետևանքով տուժած գյուղական բնակավայրերի վերականգնողական աշխատանքների կազմակերպման մասին հարցերը: Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը, քաղաքաշինության նախարարը, կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, Լոռու և Շիրակի մարզպետները, կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկման ընթացքում կարևորվել են 1988թ. երկրաշարժից տուժած գյուղական բնակավայրերի համայնքների ցանկի, անօթևան մնացած ընտանիքների, ինչպես նաև փախստականների ընտանիքների՝ ներկայիս դրությամբ ցուցակների ճշգրտման, ըստ առաջնահերթությունների՝ անհատական բնակելի տների կառուցման չափորոշիչների որոշման և հաստատված ժամանակացույցի համաձայն՝ շինարարական աշխատանքների կազմակերպման խնդիրները: Նախնական անդրադարձ է եղել կատարվելիք աշխատանքների ժամանակացույցին:
Նիստում քննարկված հարցերին համակարգված և օպերատիվ լուծում տալու նպատակով, վարչապետի որոշմամբ, այսօր ստեղծվել է 2 հանձնաժողով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Հանձնարարվել է վերոհիշյալ հանձնաժողովներին՝ 2005թ. հունվարի կեսերին հրավիրել նիստ և այնտեղ քննարկումներից հետո վարչապետին ներկայացնել իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը: