երեքշաբթի, 11 հունվարի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են քաղաքաշինության, բնապահպանության նախարարները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալը, Երևանի քաղաքապետը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, արտակարգ իրավիճակների վարչության պետը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, ՀՀ կառավարության աշխատակազմի պատասխանատուներ:
Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը զեկուցել է, որ հայեցակարգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 30-ի N 692 որոշման և 2004թ. մարտի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության հանձնարարականի: Անցած ամիսների ընթացքում, ըստ քաղաքապետի, այն ենթարկվել է հանգամանալից քննարկման և, ի վերջո, հավանության է արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի 2004թ. նոյեմբերի 19-ին կայացած նիստում: Ներկայացնելով հայեցակարգի հիմնական դրույթները, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գուրգեն Մուշեղյանը և հայեցակարգի նախագծի տնտեսական գծով փորձագետ Վարդան Բոստանջյանը նշել են, որ այն սահմանում է գլխավոր հատակագիծը որպես անցումային շրջանի քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ՝ նրանում նախանշված խնդիրների փուլային և համապատասխան սոցիալ-տնտեսական նախադրյալների ձևավորմանը համընթաց լուծումներով: Ըստ զեկուցողների, հայեցակարգով նախատեսվում է քաղաքի ենթակառուցվածքների վերականգնում, ընդհանուր իրավիճակի կայունացում նվազագույն ապահովվածության մակարդակով, քաղաքային տնտեսության համակարգերի վերակառուցում, արդիականացում և դրանց օպտիմալացում, անցում կայուն զարգացմանը: Քաղաքային տնտեսության զարգացման տեսանկյունից առաջնային նշանակություն ձեռք կբերեն արդյունաբերության (հատկապես բարձր տեխնոլոգիաների և գիտատար մյուս ենթաճյուղերի, շինանյութերի ու շինարարական կոնստրուկցիաների արտադրության), շինարարության, կապի, զբոսաշրջության, ինչպես նաև ֆինանսաբանկային, ապահովագրական և բարձրորակ աշխատուժ օգտագործող մյուս ճյուղերը՝ կապված հանրապետության մասշտաբով տվյալ ոլորտի առաջնային զարգացման ռազմավարության հետ: Ընդգծվել է նաև, որ Երևանի զարգացման տեսանկյունից մինչև 2015թ. համեմատաբար առաջնային կդիտվի սոցիալական ապահովության բնագավառը, իսկ 2015թ-ից հետո՝ նաև առողջապահության և կրթության բնագավառները: Հայեցակարգում զգալի տեղ է հատկացված մայրաքաղաքի բնակչության սպասարկման, կապի, կենցաղային համակարգերի, քաղաքային տրանսպորտի զարգացման, բնապահպանական և այլ հիմնախնդիրներին: Գլխավոր հատակագծի հայեցակարգի քննարկումն ուղեկցվել է համապատասխան ցուցադրական նյութերով:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ անցած ինն ամիսների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել Երևանի գլխավոր հատակագծի հայեցակարգի ստեղծման ուղղությամբ: Այդուհանդերձ, նկատի ունենալով նման փաստաթղթի բացառիկ կարևորությունը մայրաքաղաքի հետագա զարգացման և բնակչության կենսապայմանների բարելավման համար, վարչապետը հանձնարարել է՝ քննարկման ընթացքում արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, մինչև փետրվարի 15-ը մեկ անգամ ևս քննարկել այն միջգերատեսչական հանձնաժողովում, լրամշակելու և վերջնական տեսքի բերելու նպատակով: Հանձնարարվել է նաև այդ ընթացքում հայեցակարգը քննարկել բոլոր շահագրգիռ գերատեսչություններում, անհրաժեշտության դեպքում ենթարկել քաղաքաշինական, սեյսմիկ ու բնապահպանական փորձաքննության: Վարչապետը կարևորել է նաև՝ լրամշակումից հետո, Երևանի գլխավոր հատակագծի հայեցակարգը հասարակական լայն քննարկման դնելու անհրաժեշտությունը: