հինգշաբթի, 8 հոկտեմբերի 2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվել է ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահող
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ հոկտեմբերի 5-ից մեկնարկած տարեկան ժողովի շրջանակներում այսօր հեռավար կարգով կայացել է Կառավարիչների խորհրդի լիագումար նիստը, որի ընթացքում որոշումներ են ընդունվել կառույցի 2021-2025 թթ. Ռազմավարական և կապիտալի շրջանակի վերաբերյալ և հաստատվել է Բանկի հաշվետվությունը:
Լիագումար նիստում ՀՀ փոխվարչապետ, ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող 2020-2021 թթ. համար: Բանկին մեր երկրի անդամակցությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչն ընտրվում է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող: Հիշեցնենք նաև, որ 2021 թվականին Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը:
ՎԶԵԲ տարեկան ժողում Հայաստանը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՎԶԵԲ-ում Հայաստանի փոխկառավարիչ Ավագ Ավանեսյանը: Վերջինս հանդես է եկել 2021-2025 թթ. Ռազմավարական և կապիտալի շրջանակի և ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ուղղությունների վերաբերյալ ելույթով: Ավագ Ավանեսյանը ներկայացրել է նաև Արցախի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման մանրամասները, անդրադարձել ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը: Նշվել է որ, Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները արդեն իսկ երկարատև և խորը վնաս են հասցրել տարածաշրջանի տնտեսական կայունությանը և կարող են հանգեցնել հումանիտար ճգնաժամի:
Հայաստանի ամբողջական ուղերձը առաջիկայում հասանելի կլինի ՎԶԵԲ պաշտոնական կայքում: