ուրբաթ, 14 հունվարի 2005
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը, որին մասնակցել է հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանը զեկուցել է 2003-2004թթ. ուսումնական տարում համալսարանի գործունեության հիմնական արդյունքների մասին: Ըստ նրա, հաշվետու ժամանակաշրջանում հաջողությամբ շարունակվել են աշխատանքները համալսարանի կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ: Անցյալ տարվա համեմատությամբ դրական ցուցանիշներ են արձանագրվել մի շարք այլ կարևոր ուղղություններով: Մասնավորապես, 5 հիմնական կրթական ծրագրերով համալսարան են ընդունվել շուրջ 3200 ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ: Բուհը տվել է 1715 շրջանավարտ, որոնց զգալի մասն աշխատում է իր ստացած մասնագիտությամբ: Ավելի քան 11 000 ուսանողական համակազմով համալսարանը հասել է 1970-ականների կեսերի մակարդակին: Ամբողջովին վերակառուցվել է համալսարանի փառավոր պոլիտեխնիկական անցյալի խորհրդանիշ հանդիսացող 1301 լսարանը: 2004-ին ՀՊՃՀ-ի 6 գիտխորհուրդները 40 գիտնականների շնորհել են գիտության թեկնածուի և դոկտորի աստիճան: Ստեղծվել են 6 պրոբլեմային լաբորատորիաներ, ընդլայնվել է համակարգչային ցանցը: Յուրի Սարգսյանն ընդգծել է, որ անցած տարին արգասաբեր է եղել նաև համալսարանի միջազգային գործունեության ասպարեզում: Նոր գործընկերների, դրամաշնորհների, նվիրատվությունների շնորհիվ, հիմնվել են տարածաշրջանում առաջինը հանդիսացող ճառագայթային պաշտպանության նոր ուսումնական կենտրոնը, արդիական այլ լաբորատորիաներ, համակարգչային նոր սրահներ ու մասնագիտացումներ: Համագործակցության պայմանագիր է կնքվել միջազգային «Սինոպսիս» ընկերության հետ: Միաժամանակ, Յուրի Սարգսյանը նշել է, որ դեռևս օրակարգում են մնում ուսման որակի բարելավման, դասախոսական կազմի երիտասարդացման և այլ խնդիրները:
Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետու զեկուցումը: Քննարկումից հետո խորհրդի անդամները հավանություն են տվել նաև համալսարանի անվանման փոփոխմանը՝ առաջարկելով այսուհետ բուհը կոչել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)»: Առաջարկը սահմանված կարգով կներկայացվի կառավարության հաստատմանը: Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նաև կազմակերպչական հարցեր: Որոշվել է, մասնավորապես, խորհրդի կազմում ընդգրկել «Սինոպսիս» ընկերության, ինչպես նաև Սյունիքի մարզի արդյունաբերական շրջանների ներկայացուցիչների:
Հոգաբարձուների խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ համալսարանի հոգսերի ու կարիքների նկատմամբ դրսևորած ուշադրության համար:
Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով հաշվետու տարում համալսարանում իրականացված աշխատանքներից, վարչապետը կարևորել է բուհում մշակվող և, հատկապես, պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական ու տեխնիկական ծրագրերի իրականացման արդյունավետության, դրանց իրացման շուկաների ապահովման հարցերը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 2005 թվականին նոր հաջողություններ է մաղթել հանրապետության համար կարևոր այդ բուհին: