չորեքշաբթի, 19 հունվարի 2005
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հանձնաժողովին ներկայացվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք հիմնականում իրականացվել են: Մասնավորապես, արված առաջարկությունները հաշվի առնելով, լրամշակվել է միջոցառումների ծրագիրը, հստակեցվել են Հայոց ցեղասպանությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի կազմակերպման, ինչպես նաև արխիվային նյութերի, ֆոտոտեսաֆիլմերի ստեղծման հետ կապված խնդիրները, կազմվել է 2005թ. պետական պատվերով հրատարակվելիք Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված գրականության ցանկը, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ համաձայնեցվել են ապրիլի 24-ին հոգեհանգստյան պատարագների անցկացման հարցերը: Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված Հիշատակի երեկոն որոշվել է անցկացնել ապրիլի 23-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում: Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի երկրորդ կեսից՝ գիտական և կրթական հաստատություններում, մայրաքաղաքի և հանրապետության մարզերի տարբեր վայրերում անցկացվելիք միջոցառումներով, զանգվածային լրատվամիջոցներով համապատասխան նյութերի հրապարակումներով: Վարչապետը նշել է, որ բոլոր միջոցառումների հիմքում պետք է ընկած լինի հայոց ոգու ուժի, վերհառնումի պետականության վերականգնման իրողությունը, ինչպես նաև շեշտադրվի ցեղասպանությունների՝ իբրև մարդկության դեմ գործված ոճրագործության, ճանաչման, դատապարտման, այդպիսով նաև կանխարգելման անհրաժեշտությունը: Նշված խնդիրների ապահովման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է մինչև փետրվարի 15-ը՝ արված առաջարկությունները հաշվի առնելով, ամբողջացնել միջոցառումների ծրագիրը, դրանց իրականացման հստակ ժամանակացույցը և ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը: