չորեքշաբթի, 19 հունվարի 2005
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 70-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հանձնաժողովին ներկայացվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք հիմնականում իրականացվել են: Արված առաջարկությունները հաշվի առնելով, լրամշակվել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը, հստակեցվել են միջոցառումների անցկացման վայրերն ու ժամկետները: Մասնավորապես, որոշվել է ծրագրով նախատեսված «Ծաղիկներ Հրանտին» խորագրով Հայաստանի նկարիչների տանը կազմակերպվելիք գեղանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև Հայաստանի գրողների միության կողմից՝ վերջին երկու տարիներին գրված լավագույն արձակ գործի համար սահմանված Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի հանձնումն իրականացնել գրողի ծննդյան օրը՝ փետրվարի 12-ին: Հոբելյանական տարում Երևանի դպրոցներից և փողոցներից մեկը կկոչվի մեծ գրողի անունով: Վանաձորում կկանգնեցվի Հրանտ Մաթևոսյանի հուշարձանը, իսկ Երևանում կտեղադրվի հուշաքար: Կթողարկվեն նաև գրողի հոբելյանին նվիրված նամականիշեր, փոստային բացիկներ, կսահմանվի Հրանտ Մաթևոսյանի անվան կրթաթոշակ, կհայտարարվի մրցույթ՝ մեծ գրողի անվան կենտրոն-թանգարանի շենքի նախագծման նպատակով: Երևանի դրամատիկական թատրոնում կբեմադրվի արձակագրի «Չեզոք գոտի» պիեսը: Կհրատարակվեն Հր.Մաթևոսյանի անտիպ գործերի ժողովածուն, երկերի երկհատոր ընտրանին: Կազմվել է Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով հոբելյանական հաղորդումների պատրաստման և հեռարձակման ծրագիրը:
Հոբելյանական միջոցառումներ տեղի կունենան նաև Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Մասնավորապես, 2005թ. Ռուսաստանում կայանալիք հայ մշակույթի օրերից մեկը կնվիրվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակին: