ուրբաթ, 12 փետրվարի 2021
Տիգրան Ավինյանի հոդվածը տնտեսական արձագանքման ծրագրի մասին
Կորոնավիրուսի համավարակի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հայաստանը բախվեց սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների, որոնց հաղթահարումը ավանդական գործիքներով չէր կարող արդյունավետորեն իրականացվել: Այս գիտակցությամբ էլ ընդունեցինք Կառավարության «Տնտեսական արձագանքման ծրագրի» ստեղծման և գործնական հողի վրա դնելու գաղափարը: Այն ՀՀ վարչապետի 2020թ. նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզի առնվազն երկու կետերի («Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում» ու «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում») կյանքի կոչումն է:
Տնտեսական այս ծրագիրը, անշուշտ, կարող է որակվել հավակնոտ, սակայն, կարծում եմ, լիովին իրագործելի է, եթե նկատի ունենանք, որ վերցրել ենք կոնկրետ ժամանակահատված՝ մինչև 2021 թվականի 1-ին կիսամյակի ավարտը: Այստեղ Կառավարությունը կրկնակի խնդիր է դնում՝ հաղթահարել կորոնավիրուսի համավարակի և պատերազմի առաջացրած շոկերը, ապա վերականգնել ու կայուն զարգացման ռելսերին վերադարձնել երկրի տնտեսությունը: Ստորև փորձեմ 38 միջոցառումներից առանձնացնել 4-ը, որոնք կազմում են ծրագրի առանցքը և իրականացման պարագայում պայմանավորելու են դրա հաջողությունը:
Գյուղատնտեսական նոր՝ բարձր ավելացված արժեք ձևավորող մշակաբույսերի աճեցման և վերամշակման մեկնարկ
Հանրային-գիտական քննարկումներում հաճախ են հնչում գնահատականներ այն մասին, որ գյուղատնտեսության հնարավորությունների օգտագործումը Հայաստանում գտնվում է ցածր մակարդակի վրա՝ նկատի ունենալով, որ վարելահողերի զգալի մասը՝ մինչև 40-45 տոկոսը, ըստ էության, չի մշակվում: Այդ թերության ընդունումը, կարծում եմ, անհրաժեշտ է, բայց նաև ավելի կարևոր է ունենալ դրա լուծումը: Ահա, այդպիսի լուծումներից է նոր տեսակի մշակաբույսերի մասնավորապես՝ արտադրական կանեփի մշակումը, որը ոչ միայն գնային առումով նախընտրելի է ու էժան, այլև բարձրորակ հումքի աղբյուր է: Այն կարող է օգտագործվել տեքստիլ արդյունաբերության, թղթի ու շինարարական նյութերի արտադրության, մշակաբույսի սերմի ու յուղի արտահանման համար:
Ավելին՝ այստեղ մենք հնարավորություն ունենք լայնորեն օգտագործելու համաշխարհային, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի փորձը՝ մեր տնտեսության մեջ դիվերսիֆիկացիա ապահովելու, ներդրողների համար գրավչություն ստեղծելու տեսանկյունից: Թերևս անժխտելի է աշխարհում արտադրական կանեփի նկատմամբ պահանջարկի աճը: Եթե աշխարհում 2016թ. դրա վաճառքը կազմել է 2.76 մլրդ ԱՄՆ դոլար, ապա 2020թ.՝ 5.76 մլրդ ԱՄՆ դոլար. 2027թ. ակնկալվում է, որ վաճառքը հասնելու է 15.26 մլրդ ԱՄՆ դոլարի: Համաշխարհային տնտեսության այդ ոլորտ մուտք գործելն էական նշանակություն կունենա Հայաստանի տնտեսության համար: Անշուշտ, ոլորտի յուրահատուկ բնույթը հաշվի առնելով՝ ներդնելու ենք խիստ և հստակ կարգավորումներ՝ կրկին օգտագործելով միջազգային փորձը:
Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ ժամանակավոր գործիքի ներդրում
Այս միջոցառման նպատակը պետական գնումներում տեղական ընկերությունների մասնակցության խթանումն է: Պետական գնումների գործընթացում նման գործիքի միջոցով կառավարությունը սուբսիդավորելու է այն տեղական ընկերություններին, որոնք իրենց ծառայությունների մատուցման շրջանակում օգտագործելու են տեղական աշխատանքային ու արտադրական ռեսուրսները: Սրանով ոչ միայն առաջացնելու ենք տեղական ընկերությունների հետաքրքրությունը՝ մասնակցելու պետական գնումների գործընթացին, այլ նաև այդ գործընթացն ենք ավելի մրցակցային դարձնելու: Ավելին՝ սուբսիդիայի միջոցով բիզնեսը փաստացի աջակցություն է ստանալու կառավարությունից: Ըստ էության, այս միջոցառմամբ կառավարությունը նաև նպաստելու է տեղական արտադրանքի ծավալների աճին ու տեղական աշխատաշուկայի աշխուժացմանը; Կարելի է ասել, որ միջոցառման թիրախային խումբը տեղական աշխատանքային ու ապրանքային ռեսուրսներն են, նպատակը՝ տեղական արտադրողին սատարելը:
Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շարունակում և վերափոխում
2020թ. մեծ մասը, ինչպես ողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանը, ստիպված եղավ անցկացնել կորոնավիրուսի համավարակի մարտահրավերին դիմակայելով, որը պետություններում սոցիալ-տնտեսական խոշոր ցնցումներ առաջացրեց: Համավարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա հետևանքների չեզոքացման 25 միջոցառումներ, որոնցից մի քանիսն այսօր շարունակելու, ներկայիս պայմաններին համապատասխանեցնելու և նորովի գործարկելու կարիք ունեն: Սկզբնապես այս միջոցառումների նպատակը իրավիճակային լուծումն էր, արագ արձագանքը և, ըստ էության, իրավիճակը վերահսկողության տակ պահելը: Այժմ, սակայն, երբ տնտեսության վրա համավարակի առաջացրած շոկը կորցրել է իր սրությունը, նշված միջոցառումները ստանում են նոր իմաստ և բովանդակություն: Ուստի նախկինում իրականացված 4 միջոցառումները շարունակվելու են վերանայվելուց հետո: Նախնական գնահատմամբ ավելի քան 10 մլրդ դրամի լրացուցիչ տեղաբաշխում ենք իրականացնելու: Ընդլայնվելու է նաև միջոցառումների շահառուների շրջանակը. ըստ նախնական գնահատման՝ տարբեր ուղղություններով աջակցություն են ստանալու գյուղատնտեսական ոլորտի շուրջ 8000 շահառուներ, շուրջ 500 տնտեսվարողներ, շուրջ 100 փոքր և միջին ձեռնարկություններ: Այլ կերպ ասած՝ համավարակի հետևանքների չեզոքացման միջոցառումները վերափոխվում են ներկա պահանջներին համապատասխան՝ թիրախում ունենալով տնտեսության առանձին ոլորտների կայուն վերականգնումն ու զարգացումը:
Խոշոր քաղաքաշինական ծրագրերի մեկնարկ՝ Երևանում և Հայաստանի համայնքներում
Տնտեսական արագ արձագանքման ծրագրի առանցքային կետերից է խոշոր քաղաքաշինական ծրագրերի մեկնարկը: Այս միջոցառմամբ միաժամանակ կառավարությունն ի ցույց է դնում իր կամքն ու պատրաստակամությունը՝ երկարաժամկետ ու խոշոր նախագծեր սկսելու հարցում: Սա նաև ուղերձ է մեր երկրի բիզնես միջավայրի կայունացման առումով, որն արձագանք է գտնելու նաև օտար ներդրողների մոտ՝ հեռանկարային հնարավորություններ բացելով: Այսպես, ակտիվացնելու ենք Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման (շինարարության մեկնարկ է տրվելու առնվազն 3 լոտում) և «Կոնդ» թաղամասի զարգացման ներդրումային ծրագրերը, տալու ենք «Սարյան 22» հասցեում գտնվող շենքի ներդրումային ծրագրի մեկնարկը, ապահովելու ենք «Հին Երևանի» ծրագրի իրագործման արդյունավետ շարունակությունը: Երևանում քաղաքային միջավայրի բարելավման հետ մեկտեղ, այս միջոցառմամբ առանձին կարևորություն է հաղորդվում Հայաստանի համայնքներում գիտատեխնիկական ու մշակութային-սպորտային կենտրոններ հիմնելու գաղափարին, որը ռեալ ներուժ ունի ձևավորելու ու կազմակերպելու սոցիալական կյանքը մարզերում: Միջոցառման մասշտաբն ինքնին հուշում է, որ հաջող իրականացման պարագայում շղթայական զարգացում կունենանք նաև ներդրումների աճի, աշխատատեղերի ստեղծման և տուրիզմի զարգացման ասպարեզներում:
Ամփոփելով՝ ուզում եմ նշել, որ կառավարությունը հակաճգնաժամային այս ծրագրով և համալիր միջոցառումներով փորձում է կայունացնել մեր երկրի տնտեսական վիճակը, վերականգնել խաթարված սպասումները և հող նախապատրաստել՝ առաջ շարժվելու համար: Այս քայլերի իրականացման որակն ու արդյունավետությունն անհնար է գերագնահատել, քանզի դրանով է պայմանավորված լինելու, թե ինչպես ենք ոտքի կանգնում և դիմակայուն ու ամուր պետություն կառուցում: Առաջիկա վեց ամիսները պետք է կազմեն ուժերի գերլարման, անդուլ աշխատանքի և հանրության առաջ ստանձնած պարտավորությունների կատարման շրջափուլը, որտեղ անհատական պատասխանատվություն ունի յուրաքանչյուրը, բայց ձախողվելու իրավունք՝ ոչ ոք:
Աղբյուր՝ Banks.am