չորեքշաբթի, 19 հունվարի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև համագործակցության մշտական գործող միջկառավարական հանձնաժողովի նիստ: Քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ կառավարությունների երկարաժամկետ համագործակցության միջոցառումների ծրագրի հիմնադրույթները: Ծրագիրը ներկայումս մշակվում է հանձնաժողովների աշխատանքային խմբերի կողմից, որն ավարտվելուց հետո մինչև փետրվարի 5-ը կներկայացվի երկու կողմերի համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին՝ առանձին ոլորտների գծով ծրագրի հիմնադրույթներից բխող ենթածրագրեր մշակելու նպատակով: Կարևորելով ՀՀ և ԼՂՀ միջև ձևավորված տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է երկարաժամկետ ծրագրի մշակման ընթացքում մասնագիտական-մեթոդական աջակցություն ցուցաբերել աշխատանքային խմբերին՝ ըստ ոլորտների համագործակցությունը խորացնելու նպատակով, առավել գործնական և իրատեսական միջոցառումներ նախատեսելու համար: