երկուշաբթի, 24 հունվարի 2005
Հունվարի 27-ին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակի արարողությանը մասնակցելու նպատակով Լեհաստանի Հանրապետություն (Կրակով) կմեկնի ՀՀ կառավարական պատվիրակություն՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը, կառավարության և արտաքին գործերի նախարարության աշխատակազմի վարչությունների ղեկավարներ: Այցի օրերին առանձին մշակութային ծրագիր է նախատեսված նաև պատվիրակության կազմում գտնվող ՀՀ վարչապետի տիկնոջ համար:
Օսվենցիմում տեղի ունենալիք միջոցառումներին կմասնակցեն մի շարք երկրների, կառավարությունների և խորհրդարանների ղեկավարներ:
Հունվարի 26-ի երեկոյան պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների համար ընթրիք կտրվի՝ ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվաշնևսկու անունից: Հաջորդ օրը՝ հունվարի 27-ի առավոտյան տեղի կունենա «Թող ապրի իմ ժողովուրդը» միջազգային համաժողովը՝ Կրակովի Յուլիուշ Սլովացկու թատրոնում: Կեսօրին պատվիրակությունները կմեկնեն Օսվենցիմ, որտեղ և կկայանա Օսվեցիմի ազատագրման 60-ամյակին նվիրված հիմնական հանդիսությունը: Նույն օրվա երեկոյան ԼՀ նախագահի կողմից Բալիցեի Ռադզիվիլլների դղյակում կկազմակերպվի ընդունելություն՝ հանդիսության հյուրերի և պաշտոնական պատվիրակությունների համար:
Այցի ծրագրի շրջանակներում ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն նաև Կրակովի տեսարժան վայրեր, հանդիպում կունենան լեհահայ համայնքի, ինչպես նաև Կրակովի արքեպիսկոպոս, կարդինալ Ֆրանչիշեկ Մախարսկու հետ: