երեքշաբթի, 27 ապրիլի 2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահի հետ
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի հետ:
Ողջունելով գործընկերներին՝ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՄՖԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հատկապես համավարակի և հետպատերազմյան բարդ շրջանում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի շուրջ: Փոխվարչապետի պաշտոնակատարն այս համատեքստում ներկայացրել է կառավարության որդեգրած քաղաքականությունը և այս ուղղությամբ արդեն իսկ արված քայլերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները և այդ գործընթացում ՄՖԿ դերակատարությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՓՄՁ ֆինանսավորման գործում ՄՖԿ-ի ներգրավվածությանը, ինչպես նաև ՄՖԿ խորհրդատվական ծառայությունների կարևորությանը տարբեր ոլորտներում ներդրումային պոտենցիալի գնահատման տեսանկյունից:
Մհեր Գրիգորյանը և Ջորջինա Բեյքերն քննարկել են էներգետիկայի, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Ընդգծվել է նաև Հայաստանում կանանց գործարարության զարգացման անհրաժեշտությունը, մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի շուրջ: