հինգշաբթի, 27 հունվարի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 13-ամյակի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ
Մեր ժողովրդին պարտադրված արցախյան ազատամարտի դժվարին տարիներին ծնված ու ամրապնդված Հայոց բանակը մեր անկախ պետականության ամենանշանակալից ձեռքբերումներից է: Նորաստեղծ հայկական զինված ուժերի հայրենասիրական, մարտական ոգին և ռազմագիտական ներուժը խարսխված էին խորհրդային բանակում կոփված հայ կադրային սպաների հմտության ու փորձի, հայրենիքի նվիրյալ կամավորականների քաջության ու անձնազոհության, ինչպես նաև մեր ժողովրդի անսահման տոկունության ու ազատատենչության վրա: Մենք չենք կարող մոռանալ ամբողջ հայության համար սրբավայր դարձած Եռաբլուրում հանգչող մեր ընկերների, եղբայրների ու զավակների հերոսական սխրագործությունը, որն ազգին ու հայրենիքին անձնազոհությամբ ծառայելու փայլուն օրինակ է ապագա սերունդների համար:
Այսօր Հայոց բանակը ոչ միայն հուսալիորեն պաշտպանում է անկախ Հայաստանի պետական սահմանները, այլև հնարավորինս իր մասնակցությունն է բերում միջազգային խաղաղապահ գործընթացներին: Մենք շարունակելու ենք համազգային հոգատարություն ցուցաբերել բանակաշինությանը, ազգ-բանակ-պետություն միասնության հիմքերի, մեր անկախ պետականության ամրապնդմանը, որը նաև բանակի հետագա առավել հզորացման կարևոր նախապայմաններից է:
Շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 13-ամյակի առթիվ, մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, իսկ բանակի սպայական անձնակազմին և զինվորներին բարձր մարտունակություն՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ ապագայի: