չորեքշաբթի, 18 ապրիլի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ֆերմերների ազգային միության անդամներին: Հանդիպման նպատակը, ըստ վարչապետի, հատկապես գարնան գյուղատնտեսական աշխատանքների այս շրջանում ֆերմերների խնդիրները, բարձրացրած հարցերն ու առաջարկները լսելը և հնարավորության սահմաններում օգնելն է:
ՖԱՄ-ի անդամները նախ վարչապետին ներկայացրին արդեն 10 տարվա պատմություն ունեցող միության անցած ուղին՝ նշելով, որ կազմակերպությունը գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում՝ պտղաբուծություն, անասնապահություն, բուսաբուծություն և այլն, ինչով էլ պայմանավորված է առաջացող խնդիրների բազմազանությունը: Վարչապետի հետ հանդիպմանը ֆերմերները դրանցից ներկայացրին հատկապես գյուղտեխնիկայի, արոտավայրերի արդյունավետ տնօրինման, անորակ սննդամթերքի ներմուծման դեմ պայքարի, թունաքիմիկատների և պարարտանյութերի հայթայթման հարցում պետության օժանդակության, պաշտոնական այցերի ժամանակ գործարարների պատվիրակությունների կազմում իրենց միության անդամներին ևս ընդգրկելու և միության ծրագրերը դրսում ներկայացնելու հնարավորություն ընձեռելու, ոլորտի հետ կապված զանազան տեսչությունների աշխատանքն ավելի կազմակերպված և արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր:
Հողերի, այդ թվում արոտավայրերի ճիշտ և արդյունավետ տնօրինման առնչությամբ ՀՀ վարչապետը նշեց, որ մինչ այժմ այս հարցում պատշաճ վերահսկողություն չլինելու պատճառով գոյություն է ունեցել և այժմ էլ կա հողերի ստվերային շահագործում: Անցյալ տարվանից, ըստ Անդրանիկ Մարգարյանի, լուրջ քայլեր են ձեռնարկվում խնդրի կարգավորման ուղղությամբ՝ մասնավորապես, հողերը հաշվառվում և անձնագրավորվում են: Աշխատանքի ավարտից հետո արդեն կլինի իրական պատկերը և խաբեությունների ու սպեկուլյացիաների համար դաշտը փակված կլինի: Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին ներկայացնել տեղեկանք, թե հանրապետությունում որքան արոտավայրեր կան և դրանց վարձակալության որքան պայմանագրեր են կնքվել: Պայմանագրերի հարցում, ըստ վարչապետի, մարզպետները առաջնահերթությունը պետք է վերապահեն մարզի բնակչությանը: Անդրանիկ Մարգարյանը խիստ կարևորեց ՖԱՄ-ի գործունեության ակտիվացումը սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչությունը հիմնականում զբաղված է անասնապահությամբ ու հողի մշակմամբ, ինչը նաև ռազմավարական խնդիր է:
Հանդիպման վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն ավելի հաճախակի դարձնել այսօրինակ հանդիպումները, ինչը կնպաստի առաջացող խնդիրների օպերատիվ լուծմանը: