ուրբաթ, 3 նոյեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ճապոնա-հայկական տնտեսական համագործակցության կոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Ցունենոբու Միաձակիի գլխավորությամբ:
Ողջունելով ս.թ. օգոստոսի 10-ին ստեղծված ճապոնա-հայկական տնտեսական համագործակցության կոմիտեի առաջին այցը Հայաստան, ՀՀ վարչապետը կարևոր համարեց 2001թ. հունիսին Տոկիոյում կայանալիք ճապոնա-հայկական և հայ-ճապոնական կոմիտեների առաջին համատեղ նիստին երկուստեք լրջորեն նախապատրաստվելը, համագործակցության ոլորտների հստակեցումը, նիստին արդեն իսկ որոշակի առաջարկներով ներկայանալը, մինչ այդ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանցումը միմյանց: Նշված երկու կոմիտեների գործունեությունը, ըստ վարչապետի, Հայաստանի և Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունների բացակայության պայմաններում, կդառնա որոշակիորեն դրանց փոխարինող մի օղակ՝ համակարգելով երկկողմ տնտեսական հարաբերությունները:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ ՀՀ-ն շնորհակալությամբ է ընդունում մեր երկրին՝ Ճապոնիայի կառավարության տրամադրած մարդասիրական օգնության ցուցաբերումը, դրամաշնորհների ու վարկերի տրամադրումը, սակայն, ըստ վարչապետի, անհրաժեշտ է աստիճանաբար անցում կատարել զարգացման ծրագրերին, խրախուսել ճապոնական մասնավոր ընկերությունների ուղղակի ներդրումները Հայաստանում, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, գործարար շրջանակների միջև կապերի հաստատումն ու զարգացումը:
Այս իմաստով վարչապետը ողջունելի համարեց այն հանգամանքը, որ ճապոնա-հայկական կոմիտեում ընդգրկված են միայն մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Այս հանգամանքը հաշվի առնելով, թերևս, հայ-ճապոնական կոմիտեում ևս որոշակի փոփոխություններ կլինեն:
ՀՀ վարչապետը, Ճապոնիայի հետ հնարավոր է համարում համագործակցել բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերամշակող արդյունաբերության ոլորտներում:
Հայաստանի կառավարության և իր անունից պատրաստակամություն հայտնելով աջակցել նորաստեղծ կոմիտեների աշխատանքին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար Հայաստանում բարենպաստ անհրաժեշտ բոլոր պայմանները կան՝ համապատասխան օրենսդրական և ներդրումային դաշտ, մտավոր ներուժ, աշխատուժ:
Առևտրական բնագավառում համագործակցությունն ընդլայնելու համար հրատապ է երկու երկրների միջև իրավական համապատասխան դաշտի ձևավորումը, մասնավորապես «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումից խուսափելու», «Ներդրումների փոխադարձ պաշտպանության և խրախուսման մասին» համաձայնագրերի առաջնահերթ ստորագրումը:
Ճապոնա-հայկական տնտեսական համագործակցության կոմիտեի նախագահ պարոն Ցունենոբու Միաձակին համաձայնելով ՀՀ վարչապետի տեսակետների հետ, ավելացրեց, որ Հայաստանը 2001թ. հունիսին Ճապոնիայում նախատեսվող անդրկովկասյան 3 հանրապետությունների ցուցահանդեսի շրջանակներում ներկայանալու մեծ հնարավորություն ունի: Ճապոնական կողմը ևս, ըստ պարոն Միաձակիի, կողմ է մասնավոր հատվածում համագործակցության զարգացմանը, և կոմիտեն նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ այդ ուղղությամբ կակտիվացնի աշխատանքները: