Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 սեպտեմբերի 2021

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը խնդրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տեղեկատվություն ներկայացնել ընթացիկ իրավիճակի և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք պայմանավորված են պատվաստումներով, նախարարի որոշման նախագծով և այն օրենքի նախագծով, որը վերաբերում է հանրային ծառայության ոլորտի աշխատակիցներին և այդ առումով ենթադրվող պատասխանատվությանը, այդ թվում՝ տուգանքներին, ՊՇՌ թեստերին:

Առողջապահության նախարարը զեկուցել է հետևյալը. «Սեպտեմբերի 16-ի դրությամբ՝ իրականացվել է 6049 թեստ, դրական դեպքերի ցուցանիշը կազմում է 764: Ցավոք, երեկ գրանցվել է 19 մահ: Նորից պիտի շեշտեմ, որ դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության և ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում: Օրինակ, երբ անցյալ տարի ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի նվազ, քան հիմա է: Սա ի՞նչ է նշանակում՝ որ նույն ցուցանիշի պարագայում մենք զբաղեցնում ենք շատ ավելի շատ մահճակալ, և մեր մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում: Այս պահին մեզ մոտ ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը, միայն վերակենդանացման 319 մահճակալից զբաղված է 289-ը: Իհարկե, սա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում նկատվող միտում է:

Եվս մեկ միտում ենք գրանցում՝ հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել: Սա շատ կարևոր ցուցանիշ է: Մենք դիտարկում ենք՝ Իսրայելում, Միացյալ Թագավորությունում, եվրոպական երկրներում, որտեղ պատվաստման ցուցանիշը բավական բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման և մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով անհամեմատելի է անցյալ տարվա հետ, իր թեթևությամբ: Այսինքն` Covid-19 համավարակը հաղթահարելու մեր գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է և առողջապահական համակարգին թույլ տալը՝ հասցնել հիվանդներին պատշաճ բժշկական օգնության տրամադրումը:

Եվս մեկ հատկանշական բան. առջևում աշուն է, գիտենք, որ աշնանը ընդհանուր առմամբ նկատվում է հիվանդացության աճ՝ սրտանոթային հիվանդություններ, շատ քրոնիկ հիվանդություններ այս ընթացքում սրվում են: Բայց եթե ամբողջ հանրապետության մահճակալային ֆոնդի մեծ մասը շարունակում է սպասարկել Covid-19-ով հիվանդներին, դժվար է դառնում այլ հիվանդություններով մարդկանց բուժօգնություն տրամադրելը: Դրա համար մեր հորդորն է, խնդրանքը, որ միացյալ ջանքերի շնորհիվ հնարավորինս կառավարելի շրջանակում պահենք հիվանդության տարածումը և թույլ տանք, որ բժիշկների պայքարն արդյունավետ լինի:

Առիթը բաց չթողնեմ և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ մեր բուժաշխատողներին, ովքեր մեկուկես տարի է՝ օրուգիշեր պայքարում են հիվանդների կյանքի համար: Գիտեք, դժվար է ամեն օր բախվել նույն վիճակին. անգամ վերակենդանացման բաժանմունքի բժիշկները, ովքեր կարծես էմոցիոնալ առումով շատ ավելի ամուր են, բայց բոլորը հոգեկան ուժերի սպառման եզրին են: Պետք է նաև այս կարևոր շեշտադրումն անենք: Մենք խոսում ենք տարբեր մասնագիտությունների մարդկանց մասին և փորձում ենք նրանց իրավունքները շեշտադրել, ինչը շատ լավ է, կարևոր է, բայց ուզում եմ չմոռանանք նաև մեր բուժաշխատողներին: Անցյալ տարի, երբ համավարակը նոր էր սկսվել, շատ հանրային աջակցության ալիք կար, որն իսկապես կարևոր է: Բայց քանի որ վարակի ընթացքը երկար է, չմոռանանք բուժաշխատողների վրա այս գերծանրաբեռնվածությունը և օգնենք, որ նրանք վերադառնան նաև այլ հիվանդությունների դեմ պայքարի իրենց առաքելությանը:

Հոկտեմբերի 1-ից, այո, ուժի մեջ է մտնում պահանջը՝ ժամանակ առ ժամանակ հավաստելու վարակակիր չլինելու փաստը: Ընդհանրապես համաճարակաբանական բոլոր միջոցառումները պետք է դիտարկենք ամբողջության մեջ: Որևէ միջոցառում ինքնին չի կարող երաշխավորել վարակի տարածման կամ հիվանդության բացառումը: Բայց երբ համադրության մեջ ստեղծում ենք մի շարք ֆիլտրեր, հնարավորություն ենք ունենում զսպելու վարակի տարածումը: Նման ֆիլտր է, օրինակ, Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Արդյոք սա 100 տոկոսով բացառո՞ւմ է հիվանդ անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ իհարկե ոչ, որովհետև 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակն ընդունել, և նման հնարավորություն կա, բայց մենք շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք Հայաստանի Հանրապետություն վարակի նորանոր ներթափանցման դեպքերը: Եվ մենք դրանում հավաստվեցինք, երբ 2-3 ամիս առաջ Հնդկաստանում, այլ երկրներում շեշտակի ավելացավ վարակի տարածումը, և իսկապես ամբողջ տարածաշրջանում դելտա շտամի վարակն ուժգնացավ, մենք, հստակ պահպանելով այս ֆիլտրերը, կարողացանք զսպել Հայաստանում այդ ընթացքում վարակի կտրուկ տարածումը: Ինչո՞ւ էի սա նշում. նույնկերպ 14 օրը մեկ անգամ թեստավորման պահանջը ևս մեկ ֆիլտր է: Այո, կարող էինք դնել՝ 3, 5, 1 օրը մեկ անգամ, բայց վերցրել ենք ռացիոնալ ինկուբացիոն շրջանի ինչ-որ մի թիվ և խնդրում ենք, որպեսզի մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը: Բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք և, իհարկե, հակացուցում ունեցող քաղաքացիները:

Մի փոքր նշեմ հակացուցումների մասին: Հակացուցումների հետ կապված պետք է տրամադրվի բժշկական տեղեկանք: Լինում են ժամանակավոր և բացարձակ հակացուցումներ: Եթե, օրինակ, քաղաքացին ունի խրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել: Երբ սրման ընթացքը կանցնի, նա արդեն կարող է հանգիստ պատվաստվել, և հենց առաջինը նրան է ցուցված պատվաստվելը: Մեր հոգածության կենտրոնում նաև ռիսկի խմբում գտնվող մեր քաղաքացիներն են: Կանոնը հավասարապես գործում է բոլորի համար՝ թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի, թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգի աշխատակիցների: Հրամանում որևէ տարբերակում դրված չէ, և բոլորը հավասար նույն կանոնի հետևանքները պետք է կրեն»:

Փոխվարչապետ Պապիկյանը ընդգծել է, որ նշված կանոնի հանրային պարզաբանումը շատ կարևոր է՝ թյուրընմբռնումներից խուսափելու համար: «Տիկին Ավանեսյան, հանրության մեջ լայն քննարկման առարկա է, որ պետական պաշտոնյաների մասին կետ չկա, և ինչո՞ւ պիտի նրանք ազատված լինեն: Ուզում եմ հնչեցնեք նաև պետական մարմինների պատվաստման մոտավոր ցուցանիշները որպեսզի հանրությանն ավելի պարզորոշ դառնա, որ մենք առաջնորդող դերակատարում ստանձնել ենք, ու մեր օրինակով փորձում ենք ցույց տալ դրա կարևորությունը», - ասել է փոխվարչապետը:

Առողջապահության նախարարը զեկուցել է, որ պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց հոկտեմբերի 1-ին սպասելու, արդեն 2-3 ամիս է՝ ակտիվ պատվաստվում են, և պետական ապարատը, առաջնորդությունը վերցնելով, առանց հարկադրանքի որևէ սպասելիքի, իր պատասխանատվության մասնաբաժինն իրականացրել է: «Եվ նորից կրկնում եմ՝ անկախ այս փաստից էլ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Եթե չպատվաստված նման անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները», - նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ պետական քաղաքականության շրջանակում տրվող կարգավորումները և սահմանափակումներն ուղղված է քաղաքացիների կյանքի, առողջության պահպանմանը և ընդհանուր հանրային առողջապահական անվտանգության ապահովմանը: Մյուս կարևոր ուղղությունը տնտեսական անվտանգության և նորմալ գործունեության շարունակականությունն է, որն անհնար է դառնում, երբ Covid-19-ը դուրս է գալիս կառավարելի շրջանակներից: «Առաջին հերթին, դա ուղղված է հենց նրան, որ մենք օրական 19 մահ չգրանցենք: Ցավալի մեկ փաստ էլ նշեմ՝ ընդհանրապես Covid-19-ի դաժանությունը նրանում է, որ այս մարդիկ օրերով, ամսով միայնակ հիվանդանոցի սենյակում պայքարում են իրենց կյանքի համար: Իսկ մենք գիտենք, թե մեր՝ ընտանեկան շատ ուժեղ կապերի մշակույթի մեջ ինչքան ծանր է մենակ այս ընթացքն անցնելը: Հենց սրան է ուղղված մեր քաղաքականությունը՝ պաշտպանելու մեր քաղաքացիների առողջությունը, պաշտպանելու մեր ուսուցիչներին, որոնք օրուգիշեր աշխատում են մեր երեխաներին կրթելու համար, պաշտպանելու մեր պրոֆեսորադասախոսական կազմին, մեր գիտնականներին, մեր բժիշկներին, բոլոր-բոլոր այն մասնագիտություններով աշխատողներին, որոնք իրենց պարտքը կատարելիս ստիպված են շփվել շատ մեծ քանակությամբ անձանց հետ: Կարծում եմ, որ մեր հանրային պատասխանատվության և բարձր գիտակցության շնորհիվ պիտի շատ սահուն կերպով հոկտեմբերի 1-ից հետո էլ պատվաստումային գործընթացն անցնենք»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ս.թ. օգոստոսի վերջի դրությամբ պետական ապարատի պատվաստման ցուցանիշն ավելի քան 85 տոկոս է: Նրա խոսքով՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը պատվաստված է, պատվաստված չեն նրանք, ովքեր ունեն հակացուցումներ: Ակնկալվում է, որ այս ամիս, հակացուցումներով հանդերձ, պետական ապարատի պատվաստման ցուցանիշը կմոտենա 100 տոկոսին, ինչով և կդրսևորվի պետական համակարգի առաջնորդությունն այս գործընթացում:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ թե՛ աշխարհի, թե՛ տարածաշրջանի մասշտաբով Հայաստանի Հանրապետությունն առաջնային տեղում չէ պատվաստված քաղաքացիների թվով: «Սա խիստ մտահոգիչ է, և սրա հետևանքով մենք հայտնվում ենք տարբեր կարմիր գոտիներում, որի արդյունքում ավելի պակաս թվով զբոսաշրջիկներ են գալու Հայաստան, ավելի քիչ թվով Հայաստանի քաղաքացիներ են իրավունք ունենալու հեշտությամբ լինել աշխարհի տարբեր երկրներում: Իմ կոչը՝ հնարավորինս արագ պատվաստվել և զերծ պահել՝ թե՛ ձեզ, թե՛ ձեր ընտանիքներին, թե՛ շրջապատին, վարակվելու հավանականությունից», - ընդգծել է նա:


Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Կառավարությունը որոշումներ է ընդունել Սասուն Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու և 6 տարի ժամկետով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ սա կարևոր քայլ է Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ճանապարհին և մանրամասներ ներկայացրել ընտրության ընթացակարգի վերաբերյալ: «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021թ. հուլիսի 1-ի թիվ 1055-Ա հրամանով ձևավորվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար մրցութային խորհուրդ: Մրցույթը հայտարարելուց հետո մասնակցության համար հայտ ներկայացրել էր 3 դիմորդ՝ Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը և Գեղամ Մկրտումյանը: Ս.թ. սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար հայտարարված մրցույթը, որտեղ առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի և 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում՝ խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվել է Սասուն Խաչատրյանի թեկնածությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Հարցի առնչությամբ Սուրեն Պապիկյանը նշել է. «Հակակոռուպցիոն միասնական մարմնի ստեղծումը Կառավարության առաջնահերթություններից է: Հաշվի առնելով, որ տարբեր մարմիններ զբաղվել են հակակոռուպցիոն բացահայտման աշխատանքներով՝ հիմա մենք ստեղծում ենք մեկ միասնական մարմին: Վստահ եմ, որ ստեղծվող մարմինը կատարվող աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու»:

Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Սասուն Խաչատրյանը նշել է, որ կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներով՝ համոզմունք հայտնելով, որ մասնագիտացումը կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների քննության ու բացահայտման արդյունավետության բարձրացմանը: Նրա խոսքով՝ կառույցն սկսելու է գործել առավելագույնը 1 ամիս և 6 օր անց, ինչը նախատեսված է անցումային դրույթներով: Այս ընթացքում 20 քննիչ կնշանակվի, իսկ ամբողջ ծավալով, այդ թվում նաև՝ օպերատիվ ստորաբաժանումը, Հակակոռուպցիոն կոմիտեն կսկսի գործել 2022թ. սկզբից: 2022թ. նախատեսվում է նաև կառույցի համար ստեղծել տարածքային մարմիններ:


Կավելանա Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր մարզիկների, մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրումը

Փոփոխություն կատարելով 2015թ. նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ՝ գործադիրը որոշում է ընդունել Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարներն ավելացնելու վերաբերյալ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախագիծը կազմվել է վարչապետի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ ՀՀ հավաքականի մարզիկների հետ հանդիպմանը տրված հանձնարարականի հիման վրա, և ներկայացրել մանրամասներ՝ համեմատական անցկացնելով գործող կարգավորմամբ սահմանված չափաքանակների հետ: Մասնավորապես, զեկուցվել է, որ գործող որոշմամբ Օլիմպիական խաղերում՝

• 1-ին տեղ գրաված մարզիկներն ստանում են 20 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 25 մլն դրամ, ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 10 մլն դրամ, կստանան 12 մլն 500 հազ. դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքականի թիմի բժիշկն ստանում են 4 մլն դրամ, կստանան 5 մլն դրամ:

• 2-րդ տեղ գրաված մարզիկներն ստանում են 15 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 20 մլն դրամ, ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 7 մլն 500 հազ. դրամ, կստանան 10 մլն դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկն ստանում են 3 մլն դրամ, կստանան 4 մլն դրամ:

• 3-րդ տեղը գրաված մարզիկներն ստանում են 10 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 15 մլն դրամ, հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 5 մլն դրամ, կստանան 7 մլն 500 հազ. դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկն ստանում են 2 մլն դրամ, կստանան՝ 3 մլն դրամ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների, մարզիչների և բժիշկների խրախուսման նպատակով Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ևս 2 չզեկուցվող հարց, որոնցով նախատեսվում է անվանական թոշակների և ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների գումարների ավելացում:


Կառավարությունն առաջարկում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր

Գործադիրն ընդունել է որոշում՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։

Ըստ հիմնավորման, Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, 6-օրյայի դեպքում` 24 աշխատանքային օր։ Այժմ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։ Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալի, արտաքին տնտեսական գործունեության, տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։ Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, 5 լրացուցիչ աշխատանքային օրվա դեպքում ՀՆԱ ծավալը կավելանա 88.6 մլրդ դրամով, Համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով:

Ակնկալվում է, որ արդյունքում կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական կազդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ ոլորտների վրա։


2020 և 2021 թվականներին ՀՀ 4 մարզում իրականացվել է 15 սուբվենցիոն ծրագիր

Կառավարությունը որոշում է ընդունել՝ «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքում և ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N2215-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ 2020թ. և 2021թ. հավանության արժանացած և իրականացված/իրականացման փուլում գտնվող 15 համայնքի 15 ծրագրի համար (5-ը հաստատվել է 2020թ., 10-ը՝ 2021թ.) ՀՀ պետբյուջեից 357 մլն 458 հազ. դրամի հատկացում: 15 ծրագիրը, որից 3-ն Արմավիրի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Կոտայքի, 3-ը՝ Լոռու մարզերում են, իրականացվել է համայնքների բյուջեների հաշվին, և ներկայում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել: Մրցույթներից հետո ընդհանուր արժեքը կազմել է 582 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորման մասը՝ 357 մլն 458 հազ. դրամ: Արդյունքում, համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմամբ, կապահովվի ծրագրերի արդյունավետ իրականացում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ