շաբաթ, 4 նոյեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀՕՖ-ին՝ Հայաստանի անկախացումից ի վեր նրա հոգսերով մշտապես մտահոգված լինելու, առաջացած խնդիրների լուծման գործում մեծ ներդրում ունենալու, ամենածանր տարածաշրջաններում, ինչպիսին է օրինակ՝ աղետի գոտին, վերականգնման ծրագրերին մասնակցելու, ընդհանուր առմամբ մինչ այժմ ցուցաբերած մոտ 180 մլն ԱՄՆ դոլարի օժանդակության համար:
Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց ՀՕՖ-ի նախատեսած ծրագրերը նաև Արցախում, Հայաստանի երաշտի հետևանքների մեղմացման հարցում, երիտասարդության խնդիրների լուծման գործում: ՀՀ վարչապետն առաջարկեց առավելապես հանդես գալ գործարար ծրագրերով, օգնություններից անցնել աշխատատեղերի ստեղծման, որը կնպաստի գործազրկության կրճատմանն ու որոշակիորեն կթուլացնի սոցիալական լարվածությունը:
Անդրանիկ Մարգարյանն այդպիսի ծրագրերի իրագործումը կարևորեց հատկապես սահմանամերձ գոտիներում, որն, ըստ նրա, նախևառաջ երկրի անվտանգության խնդրի լուծմանն է միտված:
Վարչապետն ընդգծեց, որ անցած տարի Հայաստան-Սփյուռք համաժողովում Վազգեն Սարգսյանի նախանշած համագործակցության ուղիներն ու դրանցով անխոչընդոտ առաջ գնալու հավաստիացումներն ուժի մեջ են, և իր գլխավորած կառավարությունը շարունակելու է սկսած գործը:
ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամները, վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ֆոնդի ծրագրերը ներկայացնելուց բացի, որոնցում արդեն իսկ նախատեսվում են զարգացման որոշ ծրագրեր, միաժամանակ իրենց մտահոգություններն արտահայտեցին Հայաստանի գործարար մթնոլորտի, իրավական դաշտում, հոգևոր-մշակութային ոլորտում դեռևս առկա խնդիրների շուրջ:
Վարչապետն իր և կառավարության անունից հավաստիացրեց, որ ցանկացած ահազանգի պատրաստ են օպերատիվ արձագանքել, առաջացած խոչընդոտներն արագ հարթել, որպեսզի գործարարները տնտեսության ցանկացած ոլորտում արագ և անկաշկանդ գործունեություն ծավալեն: