երկուշաբթի, 11 հոկտեմբերի 2021
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է Ճարտարապետի օրվան նվիրված միջոցառմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Հայաստանի ճարտարապետների պալատ և մասնակցել Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է ճարտարապետներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթել ստեղծագործական հաջողություններ: Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ճարտարապետի մասնագիտությունը մշտապես արժևորվել է հայ հասարակության կողմից, և Կառավարությունն իր հերթին կարևորում է այս ոլորտի շարունակական զարգացումը:
Ճարտարապետության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանը և «Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Ստեֆան Լազարյանն արժանացել են ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչմանը: Կոչումները նրանց հանձնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է նաև Ճարտարապետների պալատում բացված ցուցահանդեսի աշխատանքներին, որտեղ ներկայացված է 30 հայ ճարտարապետի շուրջ 150 ստեղծագործություն: