երկուշաբթի, 6 նոյեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պետական եկամուտների նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարար Անդրանիկ Մանուկյանին:
Մինչ այդ, վարչապետը՝ համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի համար շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Գագիկ Պողոսյանին, բարձր գնահատելով նրա գործունեությունը նաև ստվերային տնտեսության դեմ պայքարում: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, դրա վկայությունն է տարվա առաջին 5 ամիսների ու դրան հաջորդած 5 ամիսների եկամուտների հավաքագրման ցուցանիշների տարբերությունը: Մինչ մայիս հավաքագրվել էր 50 մլրդ 873 մլն դրամ, հաջորդ 5 ամիսներին՝ 68 մլրդ 883 մլն դրամ: Այսինքն, միջին ամսական ցուցանիշը բարձրացել է 3,6 մլրդ դրամով: Սակայն, վարչապետի հավաստմամբ, ցանկալի արդյունքին հասնելու ժամկետը շատ սեղմ է, և կառավարությունը խնդիր ուներ հոկտեմբերից յուրաքանչյուր ամսվա համար հարկային մուտքերը հասցնել 16 մլրդ դրամի, այն, ինչը չհաջողվեց իրականացնել Գագիկ Պողոսյանին: Նույն մտահոգություններն ունենալով՝ սահմանված ցուցանիշը չապահովելու դեպքում, վարչապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, Գագիկ Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին, որն ընդունվել է:
Վարչապետը նշեց, որ Գագիկ Պողոսյանի ներուժը, փորձն ու գիտելիքներն այսուհետ կօգտագործվեն ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում:
Ըստ Անդրանիկ Մարգարյանի, նոր նշանակված նախարար Անդրանիկ Մանուկյանին առաձնապես ներկայացնելու հարկ չկա: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում նա հասցրել է դրսևորել իր լավագույն գործնական հատկանիշները և այժմ էլ պարտավորվել է լծվել կառավարության առջև այս ոլորտում դրված խնդիրների լուծմանը: Վարչապետը կրկին հավաստիացրեց, որ մայիսից կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչն ամրագրված է նրա գործունեության ծրագրում, սկզբունքային փոփոխություններ չի կրելու և նոր նախարարը նույնքան սկզբունքայնություն պետք է դրսևորի իր առջև դրված խնդիրների լուծման գործում: :
Այսօր ՀՀ վարչապետը կառավարության աշխատակազմին ներկայացրեց նաև ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանին, որը գործադիր իշխանությունում աշխատանքի բավականին մեծ փորձ ունի և մինչ այժմ զբաղեցնում էր աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: