երկուշաբթի, 6 նոյեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց հոլանդական «FABSA» ընկերության ներկայացուցիչներին: Վարչապետի նախաձեռնությամբ դեռևս ս.թ. հունիսին սկսված հայ-նիդեռլանդական գործարար հարաբերությունները ներկայումս թևակոխում են նոր փուլ։ Հունիսի 16-ին ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ, տնտեսական ու գործարար կապերի զարգացման նպատակով Նիդեռլանդների Թագավորություն գործուղված աշխատանքային խմբի ձեռք բերած նախնական պայմանավորվածություններն ու ստացած առաջարկները ուսումնասիրվել են ՀՀ արդյունաբերության և առևտրի, գյուղատնտեսության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների կողմից և Հայաստանի կառավարության համար համարվել ընդունելի:
Ըստ այդմ, սեպտեմբերի 14-ին կառավարության նիստում ընդունվել էր որոշում, Նիդեռլանդների Թագավորության ընկերությունների կողմից ՀՀ-ում գյուղատնտեսական ապրանքների արտադրության, վերամշակման և արտահանման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման մասին: Նախնական պայմանավորվածությունների արդյունքում նիդեռլանդական կողմը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանում կազմակերպել սնկի, բանջարեղենի, հավի մսի ու բուսական յուղի արտադրություն և արտահանում: Այդ որոշումից հետո սա, «FABSA» ընկերության երկրորդ այցն է Հայաստան:
Ընկերության ներկայացուցիչների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետն ընդգծեց, որ բանակցություններում լուրջ տարակարծություններ չկան, ինչը փոխգործակցության հարցում լավատեսություն է ներշնչում: Ըստ նրա, կառավարությունը կողմ է, որ պետությունից բացի, այս ծրագրում, մրցութային կարգով ընդգրկվեն նաև հայաստանյան մասնավոր ձեռնարկություններ: Նա հավաստիացրեց, որ կառավարությունը կանի իրենից կախված ամեն հնարավորը ծրագրի շուտափույթ և արդյունավետ իրագործման համար: Բանակցությունները, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կշարունակվեն աշխատանքային խմբի շրջանակներում: Նա հույս հայտնեց, որ երկար ժամանակ չի պահանջվի ընդհանուր եզրակացության գալու համար:
Հանդիպմանը քննարկվեցին այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են ծրագրի իրագործման համար: