երեքշաբթի, 7 նոյեմբերի 2000
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագրի բացման կապակցությամբ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որպես հիմնադրամի խորհրդի նախագահ, ուղերձ է հղել սոցներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագրի սկիզբը նախանշող սեմինարի մասնակիցներին: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ուրախ եմ ողջունելու Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագրի սկիզբը նախանշող սեմինարի մասնակիցներին:
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքի վերափոխման ռազմավարության անբաժանելի մաս: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործունեության նպատակը առավել կարիքավոր համայնքների բնակչության կենսապայմանների բարելավմանն անհրաժեշտ բազային ենթակառուցվածքների վերականգնումն է:
Հիմնադրամի իրականացրած ծրագրերի շնորհիվ լուծվել են Հայաստանի Հանրապետության գյուղերի ու քաղաքների հազարավոր բնակիչների առավել հրատապ ու տարիներով չլուծված սոցիալական խնդիրները: Ընդ որում, այդ բոլոր ծրագրերի ընտրությունն ու իրականացումն ընթացել է համայնքների անմիջական մասնակցությամբ, առավելագույնս մոբիլիզացնելով վերջիններիս հնարավորությունները: Վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագիրը դրական մեծ ազդեցություն է ունեցել համայնքների ինքնակազմակերպման վրա՝ նպաստելով նոր ժողովրդավարական կառույցների ձևավորմանը:
Հետևաբար, նկատի ունենալով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործունեության կարևորությունն ու հաջողությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց շարունակել ծրագիրը: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքները լինելու են ավելի ընդգրկուն: Բացի փոքրամասշտաբ ենթակառուցվածքների վերականգնումից, մեծ ուշադրություն է հատկացվելու նաև համայնքային միջոցառումների կառավարման և վարչարարության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների գործուն մասնակցության խնդրին:
Վստահ ենք, որ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիրը նույնպես կընթանա մեծ հաջողությամբ՝ ի նպաստ մեր ժողովրդի և հայրենիքի:
Բարի երթ ենք մաղթում հիմնադրամին»: