հինգշաբթի, 9 նոյեմբերի 2000
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, նախագահը կառավարության անդամներին շնորհավորեց Եվրախորհրդին մեր երկրի անդամակցության կապակցությամբ, տեղեկացնելով նաև, որ միջազգային մեկ այլ կառույցի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցի լուծումը ևս, հավանաբար, շուտով (եկող տարվա առաջին եռամսյակում) բարեհաջող կավարտվի: Գործընթացն այժմ, ըստ նախագահի, գտնվում է վերջին փուլում:
Ռոբերտ Քոչարյանը, շնորհավորելով նորանշանակ նախարարներին, միաժամանակ կառավարության մյուս անդամներին կոչ արեց հնարավորինս աջակցել պետական եկամուտների նախարարին, իբրև տնտեսության համար կարևորագույն դեր ունեցող գերատեսչության ղեկավարի, որի գործունեության արդյունքից շատ բան է կախված: Նախագահը կրկին անդրադարձավ հարկային հավասար դաշտ ստեղծելու հրամայականին՝ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանին հանձնարարելով այս հարցում ցուցաբերել խստագույն մոտեցում և սկզբունքայնություն:
Նիստի քննարկմանը դրված հարցերից կառավարությունը հավանություն տվեց նախագծային ինստիտուտների դասակարգման և դրանց մասնավորեցման հայեցակարգի արձանագրային նախագծին, որը մշակված է ՀՀ պետական գույքի կառավարման հայեցակարգի հիման վրա և նախատեսում է նախագծային ինստիտուտների մասնավորեցման նկատմամբ ՀՀ պետական քաղաքականության հիմնական մոտեցումները:
Կառավարության որոշմամբ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի մասնավորցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվեց հանձնաժողով և հաստատվեց դրա կազմը: Հանձնաժողովը կնախագահի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում պետական կառավարման և տնտեսական բարեփոխումների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով որոշվեց վերակազմավորել տրանսպորտի և կապի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ գերատեսչության կարգավիճակով:
ՀՀ նախագահը, նշելով այս համակարգում առկա բազմաթիվ թերություններն ու բացթողումները՝ սկսած վարկերի անարդյունավետ օգտագործումից մինչև քաղաքացիների ոչ պատշաճ մակարդակով սպասարկումը, քաղավիացիայի վերակազմավորման անհրաժեշտությունը կարևոր համարեց հատկապես ՀՀ-ում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի միջոցառումների շեմին, երբ օդանավակայանը՝ զբոսաշրջիկների ու Հայաստան ժամանող ցանկացած հյուրի համար, ինքնըստինքյան, երկրի առաջին այցեքարտն ու դեմքն է դառնում՝ ձևավորելով առաջին տպավորությունը Հայաստանի մասին: Վերակազմավորման արդյունքում, ըստ Ռ.Քոչարյանի, քաղավիացիան այլևս կգտնվի ՀՀ վարչապետի ուղղակի վերահսկողության տակ:
Այսօրվա նիստում որոշվեց նաև Երևանում հասարակական տրանսպորտի գործունեության բարելավման նպատակով «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետարանին:
Կառավարությունը քննության առավ «Շահութահարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հաշվի առնելով մարդասիրական օգնության կարգով որպես անհատույց ակտիվ ստացած և հաշվետու ֆինանսական տարում դեռևս չսպառված ակտիվները համախառն եկամտից նվազեցնելու հրատապությունը, առաջարկվում է նշված փոփոխությամբ արտոնություն տալ բժշկական օգնության և ծառայությունների նպատակով այդպիսի օգնություն և ծառայություններ իրականացնող կազմակերպություններին, քանի որ գործող օրենքը նշված կազմակերպություններին դնում է այնպիսի վիճակում, երբ վերջիններս հրաժարվում են մարդասիրական օգնության կարգով ստացվող և իրենց խիստ անհրաժեշտ բարձրորակ ապրանքներից, փոխարենը շուկաներից գնելով տնտեսապես ոչ շահավետ և անորակ փոխարինողներ՝ վտանգելով բնակչության առողջությունը:
Կառավարության նիստում որոշվեց հաստատել նաև «Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ՏԳՄՊ-344 ԱՍ տիպի գերկրիտիկական կաթսայական ագրեգատի մոնտաժի ավարտման, փորձարկման և պահպանության աշխատանքների ձեռքբերման» գլխավոր կապալառուի ընտրության մրցույթի արդյունքները:
Գործադիր իշխանությունն այսօր քննարկեց քաղաքաշինական մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին մայրաքաղաքին: Մասնավորապես, որոշվեց հավանություն տալ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած «Երևան քաղաքի հյուսիսային պողոտայի կառուցապատման» և «Կասկադի» համալիրին հարող տարածքի կառուցապատման» ծրագրերին, որոնց իրագործմամբ ոչ միայն քաղաքի այդ հատվածները բարեկարգ տեսք կստանան, այլև ներդրումների արդյունքում կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր:
Ելնելով ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կառավարությունը որոշեց հանձնաժողովին տարածք հատկացնել ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության՝ մայրաքաղաքի Հանրապետության փողոցի N 5բ նկուղային և 1-5-րդ հարկերում: