շաբաթ, 18 նոյեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար Յուրի Յարովին: Քննարկվեցին համագործակցության անդամ երկրների համար օրակարգային համարվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների և կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ներկայացվելիք որոշման նախագծերը, վերջին նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքը, ԱՊՀ միջպետական մարմինների պահպանության անդամավճարների մուծման վիճակը, ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները, 2001 թ. միասնական բյուջեի, հակաահաբեկչական կենտրոնի գործարկման հետ կապված հարցեր, ինչպես նաև ԱՊՀ կառավարությունների ղեկավարների առաջիկա երկու տարիների նիստերի անցկացման վայրն ու ժամկետները:
ՀՀ վարչապետին մանրամասն ներկայացնելով ԱՊՀ մյուս երկրների դիրքորոշումները վերոհիշյալ մի շարք հարցերի նկատմամբ և ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվող գործընթացների վիճակը՝ Յուրի Յարովը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը համագործակցության անդամ շատ երկրների համեմատ բավականին լավ ցուցանիշներ ունի և մինչ այժմ ԱՊՀ-ի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում ապացուցել է իր շահագրգռությունը՝ կարևորագույն հարցերում ունենալով փոխըմբռնում և ակտիվ մասնակցելով ընդհանուր նախագծերի մշակման ու իրականացման գործընթացին: