հինգշաբթի, 2 հունիսի 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացմանը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացմանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հունաստանի տուրիզմի փոխնախարար Սոֆիա Զաչարակին, այլք։
Փոխվարչապետ Մաթևոսյանը, ողջունելով նստաշրջանի մասնակիցներին, ուրախությամբ է փաստել, որ ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը բարձր են գնահատվել անդամ երկրների կողմից, որի արդյունքում նախորդ տարի Աթենքում կայացած Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում Հայաստանն ընտրվել է կազմակերպության գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար։
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությանը՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Կառավարությունը զգոնությամբ է հետևում զբոսաշրջության ոլորտում կատարվող իրադարձություններին և իրականացվող ծրագրերին՝ լավագույն փորձը կիրառելով իր ներքին քաղաքականություններում և ռազմավարություններում:
Փոխվարչապետի խոսքով՝ 2020 թվականին ողջ աշխարհին մարտահրավեր նետած կորոնավիրուսային համավարակը ոչ միայն առողջապահական խորը ճգնաժամ էր, այլև ծանր մարտահրավեր համաշխարհային տնտեսության համար։ «Զբոսաշրջության ոլորտը, որպես տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը, ևս անմասն չմնաց այս արհավիրքից։ Համավարակի արդյունքում, Հայաստանում նույնպես զբոսաշրջությունն առավել տուժած ոլորտներից է։ Սակայն, նաև շնորհիվ ոլորտում վարվող պետական ճկուն քաղաքականության, երկրում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է»,- ընդգծել է փոխվարչապետը և հավելել, որ միայն համատեղ ուժերով հնարավոր կլինի վերադառնալ կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացմանը։
«Մենք պետք է դասեր քաղենք և վերափոխենք ոլորտը՝ հետագա անցանկալի ճգնաժամերին ավելի լավ պատրաստ լինելու համար։ Այսօր բոլորիս պարտքն է համախմբել մեր ջանքերը, օգտագործել մեզ տրված բոլոր լծակներն ու գործիքները՝ առողջացնելու ոլորտը և խթանելու զբոսաշրջության դերը կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում»,- ասել է Համբարձում Մաթևոսյանը և վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ արդյունավետորեն համագործակցելու ՄԱԿ-ի ԶՀԿ անդամ բոլոր երկրների և շահագրգիռ կողմերի հետ՝ կյանքի կոչելու համատեղ նպատակներն՝ ուղղված կայուն զարգացման 2030 օրակարգի կենսագործմանը։