հինգշաբթի, 23 նոյեմբերի 2000
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունն ընդունեց ՀՀ կրթության գիտության նախարարության ներկայացրած բարձրագույն ու միջին մասնագիտական կրթության պետական չափորոշիչները: Դրանցով սահմանվում են բարձրագույն կրթության ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, բուհ-ի սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը, շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները: Չափորոշիչների պահանջների պահպանումը պարտադիր է ՀՀ տարածքում գործող ուսումնական հաստատությունների համար: Դրանց կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Նիստում հաստատվեց ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հասատության օրինակելի կանոնադրությանը: Որպես հաստատության հիմնական խնդիրներ են նշվում հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար կրտսեր մասնագետների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը: Վարչապետը կրթության գիտության նախարարին հանձնարարեց ի մի բերել և մինչև տարեվերջ կառավարություն ներկայացնել միջին մասնագիտական ուսուցման օպտիմիզացիայի հարցը: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, համակարգը խիստ վերանայման կարիք ունի և անհրաժեշտ է հստակ հաշվառել, թե որքանով են ՄՄՈւՀ-ների շրջանավարտները պահանջարկ վայելում:
Կառավարությունը հավանություն տվեց «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով մասնավորապես սահմանվում է, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունների կողմից: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Նիստում որոշվեց «Ա. Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ» ՊՓԲԸ-ի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով: Հաստատվեց հանձնանժողովի անհատական կազմը:
Մեկ այլ որոշմամբ վերակազմավորվեց «Պրոթեզա-օրթոպետիկ» ՓԲԸ-ն՝ միացվելով «Պրոթեզավորման ր կադրերի պատրաստման կենտրոն ՓԲԸ-ին:
Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային սկաուտական շարժում հասարակական կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնվեց մինչ այդ «Ոռոգում» ՓԲԸ-ին պատկանող Բյուրականի հանգստյան տունը: