հինգշաբթի, 19 ապրիլի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, ՀՀ նախագահն անդրադարձավ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին, որոնք, ըստ Ռ. Քոչարյանի, աննախադեպ են վերջին տարիների համար: Մասնավորապես, արձանագրվել է համախառն ներքին արդյունքի 12,1 %, արդյունաբերական արտադրանքի /առանց էներգետիկայի/ ավելի քան 20%, արտահանման ծավալի 28,8% աճ: ՀՀ նախագահի խոսքերով, եթե այս միտումները շարունակվեն, ապա այս տարին Հայաստանի տնտեսության զարգացման համար կարող է դառնալ վճռորոշ: Նախագահը կարևորեց նաև կառավարության գործունեության ծրագրի հետևողական իրականացումը և սահմանված ժամկետների պահպանումը:
Գործադիրը հավանության տվեց «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում է նոտարիատի և նոտարների գործունեության իրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը և առաջարկվող հիմնական պահանջները: ործող օրենքն ընդունվել է դեռևս 1974 թվականին և զգալի հակասություններ ունի ինչպես քաղաքացիական օրենսգրքի, այնպես էլ ձևավորված շուկայական տնտեսական համակարգի հետ: Նախագիծը խնդիր ունի ապահովել նոտարի՝ որպես պետական պաշտոնյայի հատկանիշը, միաժամանակ նրա գործունեությունն ապահովել այնպիսի երաշխիքներով, որ նա ազատ լինի պետության և պետական մարմինների ազդեցությունից: Նիստում հավանություն տրվեց նաև այս օրենքի նախագծից բխող «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Կառավարությունը հաստատեց «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է ՀՀ դատական համակարգի շրջանակներում տնտեսական վեճերի քննության համար ստեղծել առավել արդյունավետ ընթացակարգ: Ստեղծվում է տնտեսական վեճերի քննության երկաստիճան համակարգ, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ տնտեսական գործերով մեկ լրացուցիչ դատական օղակ անցնելու անհրաժեշտությունից: Կարևորելով առաջարկվող փոփոխությունները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դրանք համարեց իրականությունից բխող պահանջ: Նրա խոսքերով, գործող համակարգով տնտեսական գործերով դատական ձգձգումները հաճախ կործանարար են դառնում գործարարության համար: Այդ հանգամանքը ոչ միայն խոչընդոտում է շուկայի բնականոն զարգացմանը, այլև ներդրումների ներգրավմանը: ործադիրը որոշեց փաստաթուղթը ԱԺ ներկայացնել որպես հրատապ օրենքի նախագիծ:
Նիստում հավանություն տրվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում», «Դատավորի իրավճակի մասին», «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին:
Ընդունվեց նաև «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Սոցիալական ներդրումների հիմնադրամի 2-րդ ծրագրի համաֆինանսավորման համար Միացյալ Թագավորության թիվ TF 024403 դրամաշնորհ» միջգերատեսչական համաձայնագիրը հաստատելու մասին որոշում:
Մեկ այլ որոշմամբ ստեղծվեց «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ, որը բխում է ՀՀ միջազգային պարտավորություններից և խնդիր ունի գիտատեխնիական աջակցություն ցուցաբերել Հայպետատոմհսկողությանը:
«Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրում ՀՀ կառավարության մասնակցությունն ապահովելու նպատակով, գործադիրն իր պահուստային ֆոնդից 75 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացրեց արդարադատության նախարարությանը:
Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանին հանձնարարվեց պատվիրել մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի N 24 վթարային շենքի վերականգնման-ուժեղացման նախագիծ և սահմանված կարգով ձեռնամուխ լինել աշխատանքների իրականացմանը: Այս հարցում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվեց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն և տեխնիկական օգնություն:
«Հայանտառ» ՊՓԲԸ-ին հարկային արտոնություն տալու մասին» ՀՀ օրենքի ընդունման հետևանքով եղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի 2000թ. բյուջեի եկամուտների կորուստը մասնակի հատուցելու նպատակով կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդից քաղաքի բյուջեին հատկացնել 1524,8 հազար դրամ:
Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ուժերի թռիչքատեխնիկական ռազմաավիացիոն ուսումնարանը վերանվանվեց ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտ:
Կառավարությունը հավանություն տվեց «2001թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահին: