չորեքշաբթի, 29 նոյեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՌԴ անվտանգության Դաշնային ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Նիկոլայ Պատրուշևին:
Քննարկվեցին Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության մարմինների համագործակցությանը, միջազգային ահաբեկչության, տնտեսական հանցագործությունների, թմրաբիզնեսի և այլ հանցագործությունների դեմ պայքարում համատեղ աշխատանքներին վերաբերող հարցեր:
Ըստ վարչապետի, Հայաստանը և Ռուսաստանը, իբրև ռազմավարական գործընկերներ, ունեն ընդհանուր շահեր. «Ես ուրախ եմ, որ մեր համագործակցությունը ոչ միայն շարունակվում է, այլև նոր մակարդակի բարձրացվում: Այն սկզբունքները, որ իբրև բարեկամ երկրներ, ունեցել ենք, կպահպանվեն», - նշեց վարչապետը:
Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրեց, որ Հայաստանը պատրաստակամ է հակաահաբեկչական կենտրոնի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և պատրաստ է ստորագրել կենտրոնի գործունեությանն ուղղված բոլոր փաստաթղթերը:
ՌԴ անվտանգության Դաշնային ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Նիկոլայ Պատրուշևը նշելով, որ ինքը Հայաստան է ժամանել պատկառելի կազմով պատվիրակությամբ, ավելացրեց, որ ՀՀ անվտանգության նախարարության հետ արդեն ստորագրել են համագործակցությանն ուղղված նախատեսված բոլոր փաստաթղթերը, որոշակիացրել փոխգործակցության ուղղությունները: Ըստ պարոն Պատրուշևի, շատ կարևոր է, որ համագործակցելու ցանկություն և դրա անհրաժեշտության գիտակցում կա, և երկու երկրների ղեկավարների մակարդակով այդ հարցում կա հստակ փոխըմբռնում: