հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2022
Կենսաթոշակի ու նպաստների չափերը կավելանան ընդհանուր առմամբ 97 հազար շահառուի համար. Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Նախքան օրակարգային զեկուցվող հարցերի քննարկումը՝ փոխվարչապետն անդրադարձել է կենսաթոշակների և նպաստների չափերի բարձրացմանն ուղղված որոշմանը, որը ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում: Այսպիսով՝ գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով կապահովվի կենսաթոշակների և նպաստների չափերը 3000 դրամով ավելացումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2022 թ. սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության (բացառությամբ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց նշանակված), կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) չափերը սահմանել 31600 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 46000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 36000 դրամ, 3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը՝ 33000 դրամ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել ընդունված որոշման վերաբերյալ. «Ինչպես կառավարության նախորդ նիստի ժամանակ վարչապետը ներկայացրեց՝ նախատեսում ենք թոշակների բարձրացում մինչև առնվազն 3000 դրամով: Օգոստոսի 24-ի համապատասխան որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ: Գործող բանաձևով և օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան 3000 դրամը, և մենք որոշեցինք բարձրացնել՝ նվազագույն կենսաթոշակի չափը հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները ստանան մեր խոստացած 3000 դրամը: Նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների և 5186 զինկենսաթոշակառուների ու շուրջ 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները: Այն խումբը, որոնց թոշակը մինչև այս որոշումը սահմանված օրենքով և բանաձևով բարձրացել էր 1900 կամ 2500 դրամով, հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանա մնացած հատվածը: 75 հազար նպաստառուները ծերության նպաստ ստացողներն են, որոնց մոտ բարձրացումը տեղի է ունենում ոչ թե Կենսաթոշակառուների մասին օրենքով, այլ Նպաստառուների մասին օրենքով: Հետևաբար մենք որոշեցինք, որ նաև պետք է իրենց նպաստը բարձրացնենք, որպեսզի նվազագույն կենսաթոշակի չափին համահունչ լինի: Ընդհանուր առմամբ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ի կավելանան կենսաթոշակն ու նպաստները, որը նրանք կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին»:
Փոխվարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ սոցիալական խնդիրների լուծմանը միտված կարևորագույն այս գործիքը տեղ է գտել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: Համբարձում Մաթևոսյանը նշել է նաև, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է պարբերաբար պետական կենսաթոշակների չափերի բարձրացում՝ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին հավասարեցնելու նպատակով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն անդրադարձել է նաև անկանխիկ գործարքներրի դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին՝ հայտնելով, որ միջոցառմանը, բացի ՎՏԲ Հայաստան, Արդշին և Հայբիզնես բանկերից, միացել է նաև ԱԿԲԱ բանկը։ Կենսաթոշակը կամ նպաստն ԱԿԲԱ բանկի կողմից թողարկված քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքների դեպքում կհաշվարկվի հետվճար: «Հորդորում եմ մեր քաղաքացիներին, որ ակտիվորեն անկանխիկ գործարքներ անեն նաև ԱԿԲԱ բանկի քարտերի միջոցով»,-ասել է նախարարը:
Կառավարությունը հերթական գումարը՝ 693 մլն դրամ, կհատկացնի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարության որոշմամբ 693,714.6 հազ. դրամ կհատկացվի Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Ըստ հիմնավորման՝ 2022 թ.-ին քննարկվել և հավանության է արժանացել 291 սուբվենցիոն ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախագիծը համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հերթական գումարը տրամադրելու մասին է: «Ընդհանուր 693 մլն դրամի մասին է խոսքը և վերաբերում է 6 մարզի: Արարատի մարզում 1 ծրագիր՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ 1 ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում՝ 5 ծրագիր՝ 145 մլն դրամ: Ծրագրերի մի մասն ավարտվել են, մի մասն ավարտական փուլում են: Ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են, դրանք իրականացվել են 11 բնակավայրում»,-ասել է նախարարը: Գնել Սանոսյանը հավելել է նաև, որ այս որոշումն էլ ներառյալ՝ ստացվում է, որ հունվարից սկսած մինչև հիմա 303 ծրագրի համար կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար՝ սուբվենցիաների համար: Նախարարը տեղեկացրել է նաև, որ նախնական 2023 թվականի համար 112 մլրդ դրամի հայտ է ներկայացվել. թիվը կարող է փոխվել նախագծերը կազմելուն զուգընթաց:
Փոխվարչաապետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է այսօրվա որոշմամբ հատկացվող գումարի շրջանակում իրականացված սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում իրականացվել են արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ հետիոտնային ճանապարհի սալարկման աշխատանքներ, Լոռու մարզի Դսեղ համայնքի մանկապարտեզի ճանապարհն է կառուցվել, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կառուցվել է կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոն, Սյունիքի մարզի Գորայք համայնքում վերանորոգվել են «Ծաղկունք», «Սաիտակ տուն» ջրաղբյուրների ջրհավաք ավազանները, մասնակի վերանորոգվել են բնակավայրերը սնող խմելու ջրի ջրագծեր և այլն :
Կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող նոր պահանջներ
Գործադիրը սահմանել է Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները: Այն նախատեսված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նկարագրվել է, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենան մեքենաների առուվաճառքի գործընթացները: «Վերցրել ենք տարբեր երկրների փորձը, փորձել ենք ունենալ քաղաքակիրթ շուկայի պատկեր: Դրա համար սահմանվել են տարրական չափորոշիչներ՝ սկսած շուկայի տարածքից, չափից, որը սահմանվել է 5 հեկտար: Սահմանվել է, որ այնտեղ պետք է լինեն բազմաթիվ ծառայություններ՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում հնարավոր լինի ոչ միայն մեքենա գնել, վաճառել, այլ նաև՝ մաքսազերծել այն, տեղում հաշվառում իրականացնել, պետհամարանիշներ ստանալ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ սահմանվել են մի շարք այլ չափորոշիչներ ևս, օրինակ՝ պետք է սահմանվեն շուկա այցելող քաղաքացիների համար հատուկ ավտոկայանատեղիներ:
Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետը նշել է, որ այն կնպաստի նաև ոստիկանության գերծանրաբեռնվածությունը մի փոքր թեթևացնելուն:
Օրենսդրական նախաձեռնություն. փոփոխություններ՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին և հասանելի դարձնելու համար
Կառավարությունը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և հարկից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, պարզեցման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին և հասանելի դարձնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորումներով իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են նաև Դատական դեպարտամենտի և հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունները` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի և վարույթների բացակայության վերաբերյալ: Նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է, որով կրճատվում է համապատասխան ծառայության համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, բացի այդ, ապահովվում է ՀՀ որդեգրած ծառայությունների մատուցման «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը: Նախագծով առաջարկվել է նաև սահմանել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ որպես Արդարադատության նախարարության գրասենյակի կարգավիճակը` նախատեսելով նաև իրավահաջորդության մասին դրույթներ։ Հաշվի առնելով նաև իրավաբանական անձանց գրանցման ժամկետների և գրանցման համար ուսումնասիրվող փաստաթղթերի ծավալը՝ հստակեցվել են գրանցման ժամկետներն՝ անփոփոխ թողնելով ֆիզիկական անձ հիմնադիրների կողմից առևտրային կազմակերպություններ գրանցելու համար սահմանված մեկ աշխատանքային օրվա ժամկետը։ Հստակեցվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման հետ կապված՝ գործող օրենքում առկա կարգավորումները։ Արդյունքում՝ կապահովվի պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացումն ու հասանելիությունը, օրենքներում առկա տարընթերցումների և դրանց հետևանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատումը, այն կնպաստի Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:
Այլ որոշումներ
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանող որոշման մեջ: Գործող կարգով, սմարթֆոն ունեցող ցանկացած անձ կարող է ներբեռնել համապատասխան բջջային հավելվածը և դրա միջոցով տեսանկարահանել կամ լուսանկարել ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջներ խախտումները և դրանք ուղարկել քննության։ Ներկայումս գործում է «Road Control Armenia» բջջային հավելվածը և Activesociety.am կայքը։ Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է եղել արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի տասնյակից ավելի իրավախախտում։ Ըստ հիմնավորման՝ օգտատիրոջ նույնականացման գործընթացը ներկայումս գործող կարգի համաձայն բավականին բարդ է և ժամանակատար: Մասնավորապես, քաղաքացին համակարգում գրանցվելու և նույնականացում անցնելու համար պետք է պարտադիր ունենա նույնականացման քարտ և այդ քարտը կարդացող սարքեր, ինչը, բնականաբար, դժվարությունն է առաջացնում համակարգում գրանցվելու համար: Ըստ այդմ, նախատեսվում է հեշտացնել նախատեսված տեղեկատվական համակարգում քաղաքացիների գրանցման և նույնականացման ընթացակարգը, ինչը խթան կհանդիսանա ավելի շատ անձանց համար օգտվել հավելվածից և կբարձրացնի քաղաքացիների ակտիվությունը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների խախտումները արձանագրելու գործընթացում:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» 2015 թ. հոկտեմբերի 16-ի համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 2 համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Ոռոգման համակարգերի արդականացման ծրագրով իրականացվել են հիմնականում հետևյալ աշխատանքները՝ մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում, ջրօգտագործողների ընկերությունների կողմից շահագործվող ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում: Հիմնավորման համաձայն՝ նախատեսվում են նաև միջոցառումներ, որոնք միտված կլինեն ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մասնավորապես՝ տեխնիկական վերազինմանը, անձնակազմի ուսուցմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը և այլն։