ուրբաթ, 9 սեպտեմբերի 2022
Այսպիսի փառատոնները լրացուցիչ խթան են հանդիսանում գիտության և կրթության ոլորտի զարգացման համար. Արայիկ Հարությունյանը՝ STARMUS 6-րդ փառատոնի փակման արարողությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել STARMUS գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի փակման արարողությանը: Փառատոնի փակման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաջողվել է «Սթարմուս»-ով մի քանի լուրջ արդյունքներ ստանալ. «Միջոցառումների ընթացքում մենք տեսանք, որ այս ուղղությունների հսկայական պահանջարկ կա Հայաստանի Հանրապետությունում: Մենք արձանագրել ենք, որ մեր խնդիրների մեծ մասը կամ բոլորը կրթության որակից է, և դրան ուշադրություն ենք դարձնում: Այսպիսի միջոցառումները լրացուցիչ խթան են հանդիսանում այդ ուղղությունների զարգացման համար, որովհետև կրթությունը և գիտությունն առանց արվեստի այլևս գոյություն չունեն։ Եվ «Սթարմուսը» դրա լավագույն համադրումն է»:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ փառատոնի ընթացքում շատ բացահայտումներ են արվել. «Մենք ինքներս մեզ համար բացահայտումներ արեցինք, թե որքան մեծ ներուժ կա ՀՀ-ում: Մենք, այո՛, ունենք մոռացված մեծեր, որոնց հիշեցինք, մասնավորապես՝ Քեմուրջյանին, և դա շնորհիվ նաև «Սթարմուսի» թիմի, որը շատ հետաքրքիր ծրագիր ներկայացրեց՝ ունենալով փորձ աշխարհի տարբեր երկրներում: Եվ այդ լավագույն փորձը մենք անպայման կկիրառենք Հայաստանի Հանրապետությունում»:
Աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կազմակերպչական կոմիետին, «Սթարմուսի» մեծ թիմին: «Դուք այս ոլորտների զարգացմանը նոր մշակույթ բերեցիք, և մենք անպայման կօգտվենք այդ մշակույթից և ստեղծված արժեքներից: Եվ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին: Նա սփյուռքում՝ Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայի լավագույն օրինակ է, թե ինչպես կարելի է ծառայություններ մատուցել սեփական հայրենիքին: Եվ «Սթարմուսը»-ը կհիշվի նաև ՀՀ-ում Գարիկ Իսրայելյանով»,-ասել է Արայիկ Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանում այս ուղղությունների զարգացումը, «Սթարմուսը»-ները մշտական են լինելու:
Արայիկ Հարությունյանը, Վահագն Խաչատուրյանի հետ միասին այցելել է նաև «Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում բացված «Գիտության ճամբար», ծանոթացել այնտեղ ներկայացված գիտության նորագույն նվաճումներին ու ձեռքբերումներին: