երկուշաբթի, 12 սեպտեմբերի 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի խմբի գործընկերության 30-ամյակին նվիրված ընդունելությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Առանձնազրույցի ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ խմբի կազմակերպություններին ռազմավարական համագործակցության համար և կարևորել դրա արդյունավետ շարունակականությունը: Քննարկվել են ընթացիկ ծրագրերը կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավման, մարդկային կապիտալի զարգացման, պետական կառավարման համակարգի արդիականացման, թվայնացման և այլ ոլորտներում:
Երեկոյան փոխվարչապետը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի խմբի գործընկերության 30-ամյակին նվիրված հոբելյանական ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
Փոխվարչապետի ելույթը ներկայացվում է ստորև.
----
Մեծարգո տիկին Բյերդե,
Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ,
Տիկնայք և պարոնայք,
Պատիվ ունեմ անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորելու բոլորիս Համաշխարհային բանկի խմբի հետ մեր համագործակցության հոբելյանական 30-ամյակի կապակցությամբ:
Պատմության համար գուցե ոչ այնքան երկար, բայց ամենատարբեր իրադարձություններով խտացված այս ժամանակաշրջանում Բանկը մեզ համար եղել է իրական և հուսալի գործընկեր:
Հատկանշական է, որ մեր առաջին համատեղ ներդրումային ծրագիրն ուղղված է եղել Հայաստանի նորագույն պատմության ամենածանր արհավիրքներից մեկի՝ 1988 թվականի երկրաշարժի հետևանքների մեղմմանը:
Այդ ծրագրից ի վեր մենք աշխատել ենք միասին տարաբնույթ ոլորտներում 100-ից ավելի ծրագրերի իրականացման վրա՝ համագործակցելով ավելի քան 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պորտֆելի շրջանակներում:
Կցանկանայի ընդգծել, սակայն, որ Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունները երբեք չեն եղել պարզապես ֆինանսական գործընկերներ մեզ համար:
Համաշխարհային բանկի խումբն առանցքային դեր է ունեցել Հայաստանում հիմնարար բարեփոխումների իրականացման գործընթացում՝ իր փորձագիտական ներուժով հարստացնելով մեր ջանքերը՝ կառավարման բարելավման, ինստիտուցիոնալ կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության մրցունակության բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման և այլ կարևոր ոլորտներում:
Մեր համատեղ ծրագրերը մշտապես ունեցել են ռազմավարական նշանակություն Հայաստանի համար, բարելավել են մեր քաղաքացիների կյանքի որակը և նպաստել են Հայաստանի շարունակական զարգացմանը:
Այս առումով կցանկանայի հատկապես ընդգծել բնական ռեսուրսների կառավարմանն ու կենսական նշանակության ենթակառուցվածնքերի բարելավմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև առանձնացնել մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված մեր ջանքերը՝ կրթության բարելավման, սոցիալական պաշտպանության բարձրացման և առողջապահական համակարգի արդիականացման ուղղություններով:
Անհրաժեշտ եմ համարում մատնանշել նաև Բանկի խմբի գործընկերների արժեքավոր համագործակցությունը Հայաստանում մասնավոր հատվածի հետ, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսական զարգացման համար՝ ընդհանրապես, և մասնավոր հատվածում թափանցիկ և հաշվետվողական միջավայրի ձևավորման առումով՝ մասնավորապես:
2020 թվականի արհավիրքները և բարդ տարածաշրջանային զարգացումները՝ մեր երկրի համար հնարավոր ծանր տնտեսական հետևանքներով հերթական անգամ ընդգծեցին համատեղ աշխատելու և ռեսուրսները կոնսոլիդացնելու հրամայականը:
Ես վստահ եմ, որ մենք դեռ բազմաթիվ առիթներ կունենանք միասին նշելու համագործակցության հոբելյաններ:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արգասաբեր գործընկերության համար՝ ընդգծելով թե՛ Վաշինգտոնի, թե՛ Երևանի մեր գործընկերների անձնվեր աշխատանքը՝ ուղղված մեր երկրի բարգավաճմանն ու շարունակական զարգացմանը:
Շնորհակալություն: