երկուշաբթի, 19 սեպտեմբերի 2022
Երևանում կայացել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ս.թ. սեպտեմբերի 19-ին մասնակցել են Երևանում կայացած «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովին:
Համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:
Համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
***
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 9-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Հարգելի՛ բարեկամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի բոլոր մասնակիցներին:
Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ մենք այնուամենայնիվ որոշեցինք չհետաձգել այսօր ծրագրված աշխատանքային միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը։
Գաղտնիք չէ, որ hամաժողովների նպատակը առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում նոր կապերի հաստատումն է և արդեն իսկ հաստատված գործընկերային հարաբերությունների վերաիմաստավորումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության համար տարածքների համաչափ զարգացումը առաջնահերթ խնդիրներից մեկն է: Համոզված եմ, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումները հիանալի հնարավորություն են ստեղծում մարզերի գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման, ինչպես նաև մեր երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։
Թեև այս համաժողովը թվով իններորդն է, և միջտարածաշրջանային մակարդակում արդեն իսկ կան ձևավորված կապեր և գործընկերային հարաբերություններ, այնուհանդերձ, կան խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և տարեցտարի լուծումներ ստանան:
Յուրաքանչյուր տարի համաժողովներն անցկացվում են նոր խորագրերի ներքո, և այս տարվա «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրն ավելի քան արդիական է և հավակնոտ:
Մեզ համար հեռանկարային է միջտարածաշրջանային մակարդակում կարևոր նախագծերի ակտիվ իրականացումը, ինչն ուղղված է մեր երկրների ազգային տնտեսությունների հետագա աճի ապահովմանը, համաշխարհային շուկաներում նրանց մրցունակության ամրապնդմանը, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը։
Կասկածից վեր է, որ միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից օգտվելու պարագայում, մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին։
Այս համատեքստում կարող ենք արձանագրել, որ այսօրվա Համաժողովը ևս մեկ քայլ է հայ-ռուսական ապակենտրոնացված համագործակցության առաջմղման գործում, որը ձևավորվել և զարգանում է երկու երկրների տարածաշրջանների հաստատակամության և նախաձեռնողականության շնորհիվ:
Եվս մեկ անգամ ողջունում եմ Համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այս հարթակում կգրանցվեն շոշափելի արդյունքներ, որոնք մեր երկու երկրների միջև առկա միջտարածաշրջանային համագործակցությանը կհաղորդեն նոր բովանդակություն:
Շնորհակալություն:
***
ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 9-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Հարգելի՛ բարեկամներ,
Ողջունում եմ ձեզ հերթական` իններորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացման կապակցությամբ:
Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Կարևոր է, որ անցած ժամանակաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի կողմից կուտակվել է ամենատարբեր ուղղություններով կառուցողական համագործակցության մեծ փորձ, իսկ երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի:
Ավանդաբար հայ-ռուսական հարաբերությունների էական բաղադրիչն է հանդիսանում միջտարածաշրջանային համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ։
Ձեր hամաժողովի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է: Նախատեսվում է պետական իշխանության մարմինների, գործարար, ակադեմիական և փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև մտքերի փոխանակում արդիական, էական հարցերի շուրջ, համագործակցության նոր ծրագրերի նախանշում, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջություն և թվային տեխնոլոգիաների ոլորտներում:
Համոզված եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կնպաստեն հայ-ռուսական գործընկերության հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը:
Մաղթում եմ ձեզ բեղմնավոր քննարկումներ և ամենայն բարիք: