երեքշաբթի, 5 դեկտեմբերի 2000
Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և ՉԺՀ նախագահ Ձյան Ձեմինի հանդիպումը: ՉԺՀ նախագահը հանդիպման սկզբում նշեց, որ տեղյակ է երկու երկրների վարչապետների երեկվաճ բարեհաջող ավատված բանակցությունների մանրամասներին և ուրախ է ջերմ փոխըմբռնման համար:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախ իր երախտագիտությունը հայտնեց Չինաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար և ապա ՉԺՀ նախագահին հաղորդեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը:
Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզ մտավ և իր պետական ինքնիշխանության ամրապնդումը սկսեց միջազգային հարաբերությունների զարգացման հատկանշական փուլում՝ տնտեսական գլոբալիզացիայի և նոր աշխարհակարգի սահմանման գործընթացների պայմաններում, նշեց վարչապետը: Այս տեսակետից Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում այն պատրաստակամությունը, որով ՉԺՀ-ն ձեռնամուխ եղավ միջազգային համայնքի նոր անդամի հետ խաղաղ գոյակցության հինգ հայտնի սկզբունքների վրա խարսխված իրավահավասար և փոխշահավետ երկկողմ հարաբերությունների հաստատմանը: Այսօր, Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները կարող են լավագույն օրինակը համարվել ստեղծվելիք նոր և արդարացի աշխարհակարգում երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող փոքր և մեծ ինքնիշխան պետությունների իրավահավասար համագործակցության համար: Հայաստանը կարևորում է այն փաստը, որ Չինաստանը՝ հանդիսանալով հզորագույն տերություն միջազգային ասպարեզում, վճռականորեն ժխտում է հեգեմոնիզմի բոլոր դրսևորումները և հանդես է գալիս միջազգային համայնքի բոլոր անդամների, ժողովուրդների ինքնիշխան իրավունքների հարգման, բազմաբևեռ և բազմազան աշխարհի պահպանման դիրքերից: Կարծում եմ, որ մեր ժողովուրդների ավանդական բարեկամության ամրապնդումը և զարգացումը ավելի են բազմազան դարձնում նոր աշխարհը:
Անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների ներկա իրավիճակին, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ դրանք մշտապես գտնվում են վերելքի մեջ՝ հիմնվելով բարձր մակարդակի հայ-չինական քաղաքական երկխոսության վրա:
Մեծ կարևորություն հաղորդելով երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության անշեղ զարգացմանը՝ Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է իր արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում:
Անցած տարիների ընթացքում հայ-չինական երկկողմ համագործակցությունը ընդգրկել է պետական և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ այդ թվում մշակութային, կրթության, գիտության և տնտեսության բնագավառները: Համատեղ ջանքերով ձևավորվել է լուրջ իրավական դաշտ: Վարչապետը հավաստիացրեց, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է խորացնելու համագործակցությունը նշված և նոր ոլորտներում:
Տնտեսության բնագավառում լայնամասշտաբ համագործակցության հնարավորությունների մասին են վկայում մի շարք ճյուղերում մշակվող և ներկայումս արդեն իսկ իրականացման փուլում գտնվող ծրագրերի առկայությունը: Չինական ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի տնտեսության զարգացման համար համապետական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային վերակառուցումների ծրագրերին մասնակցությանը: Այս տեսակետից Ա.Մարգարյանը առանձնապես կարևորեց էներգետիկայի և քիմիայի բնագավառներում գործնական արդյունքների ձեռքբերումը:
Վարչապետն առանձնակի գոհունակությամբ նշեց նաև մշակույթի և կրթության բնագավառում արձանագրված ձեռքբերումները, որոնք վկայում են մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամության շարունակման և զարգացման պատրաստակամության մասին:
ՉԺՀ նախագահ Ձյան Ձեմինը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ջերմ խոսքերի և հրավերի համար, միաժամանակ խնդրեց իր ողջույններն ու փոխադարձ բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի նախագահին և խոստացավ երկու կողմերի համար հարմար ժամանակ այցելել Հայաստան: ՉԺՀ նախագահը, անդրադառնալով հայ և չին ժողովուրդների՝ դեռևս մ.թ. II դարից եկող և խոր արմատներ ունեցող բարեկամությանը, հիացմունքով խոսեց հայ ժողովրդի աշխատասիրության, հմտության, նրա մշակույթի, կրթության, գիտական ներուժի մասին՝ հիշատակելով Այվազովսկու կտավներն ու Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ երաժշտությունը: Ըստ Ձյան Ձեմինի, չնայած ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից շատ ժամանակ չի անցել, բայց երկու երկրների հարաբերություններն ակտիվ են զարգանում: Անդրադառնալով համագործակցության համար նախընտրելի այն ոլորտներին, որոնց մասին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց իր խոսքում, ԶԺՀ նախագահը դրանք իսկապես հեռանկարային համարեց: Ձյան Ձեմինը ուրախությամբ փաստեց, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ջերմ բարեկամական և սերտ գործընկերական կապեր է հաստատել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ:
ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ՉԺՀ նախագահը խոսեց նաև իր երկրի տնտեսության, նրա հիմնախնդիրների և առաջիկա ծրագրերի մասին:
Այսօր կողմերն ընդունեցին Համատեղ կոմյունիկե: