ուրբաթ, 25 նոյեմբերի 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասել է.
«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան,
Հարգելի հյուրեր,
Ուրախ եմ ներկա գտնվելու հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
Կանադան առաջին պետություններից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը և, այդ օրվանից ի վեր, մեր երկրների միջև հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և բարեկամության մթնոլորտում:
Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստան-Կանադա հարաբերություններում գրանցվել է նոր դինամիկա. տարբեր մակարդակներով ակտիվ երկխոսություն է տեղի ունենում:
Հատուկ ցանկանում եմ ընդգծել և ողջունել Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը: Այս հանգամանքը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար:
Բարձր ենք գնահատում Կանադայի կառավարության պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, ինչը կարևոր է մեր երկրի առջև ծառացած առկա մարտահրավերներին դիմակայելու համար։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև նշել երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում իր զգալի ներդրումն ունեցած Կանադայի հայկական համայնքի դերը և շնորհակալություն հայտնել Կանադայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:
Հարգելի ներկաներ,
Վստահ եմ որ հայ-կանադական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ: Լիահույս եմ, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք նորանոր ձեռքբերումների, որոնք կնպաստեն Հայաստանի և Կանադայի միջև բարեկամական կապերի առավել խորացմանը։
Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում հաջողություններ մեր նախաձեռնություններում՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»: