շաբաթ, 9 դեկտեմբերի 2000
Այսօր տեղի ունեցավ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հաստատեց «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» ՓԲԸ-ի կանոնադրությունը և խորհրդի կազմը: Ընկերության կանոնադրական նպատակների թվում նշվում են Հայաստանը՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և հրապուրիչ երկիր դարձնելուն նպաստելը, աջակցությունը միջազգային ներգնա զբոսաշրջության աճին, օժանդակումը հայ զբոսաշրջային բիզնեսի մրցակցությունը խթանող և այն ապահովող միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը:
Նիստում հաստատվեց «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել դատավորների թվաքանակը: Փոփոխությունը նպատակ ունի նվազեցնել դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչը թույլ կտա չխախտել դատավարական ժամկետները, բարձրացնել արդարադատության իրականացման որակը, քաղաքացիներին սպասարկելու կուլտուրան:
Կառավարության որոշմամբ հաստատվեց ՀՀ պետական մարմինների կողմից պետեկամուտների նախարարությանը՝ մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվության տրամադրման կարգը: Դրանով մասնավորապես սահմանվում է, որ պետական մարմիններից անհրաժեշտ տեղեկատվություն պետեկամուտների նախարարությունը կարող է ստանալ համապատասխան հայտերի ներկայացման միջոցով:
Մեկ այլ որոշմամբ, որպես մարդասիրական որակվեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2KR ծրագիրը, որի շրջանակներում այդ երկրի կառավարության կողմից տրամադրված 310 մլն իեն գումարով դրամաշնորհի հաշվին 2000-2001թթ. Հայաստան է ներկրվելու 9600 տոննա ամոնիակային սելիտրա, 78 միավոր տրակտոր, գյուղատնտեսական գործիքներ ու պահեստամասեր:
ՀՀ կառավարության 2000թ. հունվարի 13-ի N15 որոշման մեջ փոփոխություն կատարելով, նիստում հաստատվեց ՀՀ զինված ուժերի զորակոչի տարեկետման իրավունքից օգտվող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաների ցանկը: Դրանում մասնավորապես ներառված են նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաները, 35 տարեկանից բարձր բժիշկները, գիտական աստիճան ունեցող այն սպաները, որոնք աշխատում են պետական հիմնարկներում, պետական կրթական համակարգի ասպիրանտուրայում, ինտերնատուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորողները, 3 և ավելի երեխա ունեցող պահեստազորի սպաները:
Կառավարությունը ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70 հոդվածի առաջին մասով, որոշեց հանրապետության նախագահին առաջարկել դեկտեմբերի 13-ին ժամը 10-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Առաջարկվող օրակարգում ներառված են շուրջ մեկուկես տասնյակ հարցեր, որոնք գլխավորապես վերաբերում են հարկային, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, պետական տուրքի մասին օրենքների մեջ առաջարկվող փոփոխություններին: