չորեքշաբթի, 28 դեկտեմբերի 2022
Կառավարությունը շուրջ 6 մլրդ դրամ է հատկացրել՝ Հայաստանի 9 մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
Նիստին ներկա են եղել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եւ շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը նշել է, որ օրակարգում է 2023 թվականին նախատեսվող թվով 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթների քննարկումը, որոնց ընդհանուր գումարը կազմում է 11,36 մլրդ դրամ, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 5.9 մլրդ դրամ:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ 9 մարզում ծրագրերի իրականացման համար:
Հիմնական ծրագրերն ուղղված են բնակավայրերի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանը եւ հիմնանորոգմանը, գյուղատնտեսական մեքենասարքավորումների ձեռքբերմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը եւ այլ ենթակառուցվածքների զարգացմանը։