երեքշաբթի, 19 դեկտեմբերի 2000
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց 10 բարեգործական ծրագիր: Դրանց թվում են «Փյունիկ» հաշմանդամների միության կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերը, որոնք նպատակաուղղված են հաշմանդամների ֆիզիկական ու սոցիալական վերականգնմանն ու հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հանձնաժողովի հաստատմանն էր ներկայացրել հերթական 2 ծրագրերը՝ ամերիկահայ բարերարների ֆինանսավորմամբ Երևանի «Անանիա Շիրակացի» վարժարանի մասնակի վերակառուցման ու վերանորոգման ծրագիրը և ԱՄՆ-ի արևելյան ափի հայ համայնքի ֆինանսավորմամբ Ստեփանակերտում պոլիկլինիկայի կառուցման ծրագիրը:
Հավանության արժանացան նաև Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հերթական 5 միկրոծրագրերը, որոնք իրականացվելու են Գեղարքունիքի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերի փախստանակներով բնակեցված գյուղերում: Դրանք հիմնականում կապված են գյուղական դպրոցների վերանորոգման ու ջրագծերի կառուցման հետ:
Մարսելի վասպուրականցիների միությունը նախաձեռնել է Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացումը՝ այդ նպատակով հանգանակելով շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար: Արդեն սկսվել են դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքները: Այս ծրագիրը նույնպես արժանացավ հանձնաժողովի հավանությանը:
Բարեգործական ծրագրերի հաստատման հետ մեկտեղ հանձնաժողովը սահմանեց դրանց շրջանակներում հարկային ու մաքսային արտոնությունների շրջանակը:
Նիստում քննարկվեցին նաև առանձին կազմակերպությունների հասցեով բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված գործարքներ և այլ հարցեր: