ուրբաթ, 17 փետրվարի 2023
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ:
«Գոհունակությամբ պետք է արձանագրել հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան. 2022 թվականին նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է փոխադարձ առեւտրի 20%-ը գերազանցող աճ: Մենք պետք է շարունակական ջանքեր գործադրենք այս միտումն ամրապնդելու եւ մեր երկրների միջեւ առկա պոտենցիալն առավելագույնս օգտագործելու ուղղությամբ»,- նշել է փոխվարչապետը:
Դեսպան Սխեմերսը շնորհավորել է փոխվարչապետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հայտնել նիդերլանդական կողմի պատրաստակամությունը ձեւավորված գործընկերային հարաբերություններում առավել մեծ առաջընթաց գրանցելու հարցում:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-նիդերլանդական հարաբերությունների ընթացիկ օրակարգին, քննարկել են գործարար կապերի ամրապնդմանը եւ հանրային կառավարման բարեփոխումների ներդրմանը, մարդկային կապիտալի եւ պետական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն առնչվող հարցեր։