չորեքշաբթի, 20 դեկտեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Հովիկ Աբրահամյանին:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Լեոնիդ Հակոբյանին՝ երկրի համար այս ծանր վիճակում ինչպես իր, այնպես էլ Արամ Սարգսյանի գլխավորած կառավարությունում համատեղ աշխատանքի համար:
Օրերս ԳԱԱ թղթակից անդամ ընտրված Լեոնիդ Հակոբյանին վարչապետը հաջողություններ մաղթեց գիտության ասպարեզում գործունեության մեջ:
Նախկին նախարարը, համառոտ անդրադառնալով իր պաշտոնավարման ընթացքում քաղաքաշինության և տարածքային կառավարման ոլորտներում կատարված աշխատանքներին, նշեց, որ չնայած բավականաչափ գործ է արվել՝ ժամկետից շուտ շահագործման է հանձնվել 18 օբյեկտ, կան էլի նշելու շատ աշխատանքներ, բայց 2 ոլորտներում էլ դեռ բազմաթիվ խնդիրներ գոյություն ունեն: Լեոնիդ Հակոբյանը կոչ արեց աշխատակազմին հնարավորինս աջակցել, նոր նախարարին այդ խնդիրները արագ լուծելու համար:
Հատկապես քաղաքաշինության ոլորտում կան բավականին ծրագրեր, որոնց իրագործումը, ըստ վարչապետի, նախատեսված է նաև ոչ բյուջեի միջոցների հաշվին: Անդրանիկ Մարգարյանի կարծիքով, ամեն դեպքում, հարկավոր է ցանկացած լուման արդյունավետ օգտագործել, պատասխանատու լինել սկսած գործի համար, զերծ մնալ բյուրոկրատական քաշքշուկներից: Վարչապետը տեղեկացրեց, որ ինչպես նախարարություններում, այնպես էլ կառավարաությունում աշխատաոճը փոխելու՝ ավելի համակարգված գործելու, դաշտում եղած խնդիրներին արագ արձագանքելու, իրավունքների կողքին նաև հստակ պատասխանատվություն ամրագրելու խնդիր կա և այդ նպատակով առաջիկայում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ:
Տարածքային կառավարման և քաղաքաշինության ոլորտում եղած խնդիրներին սրտացավորեն մոտենալու դեպքում, ըստ վարչապետի, հնարավոր կլինի սահմանված ժամկետներում դրանք լուծել: Նա հույս հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանը, որ բավականաչափ աշխատանքային փորձ ունի և տիրապետում է ոլորտին, աշխատակազմի աջակցությամբ կկարողանա իր առջև դրված խնդիրները լուծել: Վարչապետն ավելացրեց, որ ՀՀԿ անդամ լինելով, Հովիկ Աբրահամյանը նաև պարտավորություններ ունի «Միասնության» և կառավարության գործունեության համար:
Նորանշանակ նախարար Հովիկ Աբրահամյանը, վստահության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին և վարչապետին, նշեց, որ դեռևս նախկին պաշտոնավարման ժամանակաշրջանից ծանոթ է տարածքային կառավարման և քաղաքաշինության նախարարի աշխատակազմին, խնդիրներին, կադրային մեծ փոփոխություններ չի անելու, այլ փորձելու է օգտագործել աշխատակիցներից յուրաքանչյուրի ներուժը և համոզված է, որ համատեղ աշխատանքը ստացվելու է: Հովիկ Աբրահամյանը իր առաջնահերթ խնդիրներից համարեց «Տարածքային կառավարման մասին» օրենքի շուտափույթ ընդունմանը նպաստելը, որով այս ոլորտում բազմաթիվ հարցերի լուծումներ կհստակեցվեն:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նոր նշանակված նախարարին: