ուրբաթ, 3 մարտի 2023
Կայացել է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների և ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ քաղհասարակության պլատֆորմի անդամների միջև
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների միջև:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը և ողջունել այս ձևաչափով համագործակցության հաստատումը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համաձայնագրի լիարժեք կիրարկումը հնարավոր է միայն հանրության լայն շերտերի ներգրավման և ակտիվ մասնակցության պարագայում՝ կարևորելով քաղաքացիական հասարակության՝ որպես Համաձայնագրով ծածկված տարբեր ոլորտներում մասնագիտացված փորձագիտական համայնքի դերն ու ներուժը:
ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է պլատֆորմի աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները:
Հանդիպման մասնակիցները քննարկել են հետագա համագործակցության ձևաչափը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների շուրջ: