հինգշաբթի, 9 մարտի 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարտի 5-ին կատարված դիվերսիոն հարձակման դեպքի մանրամասները:
Զրուցակիցները քննարկել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին, մասնավորապես մտքեր են փոխանակվել հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքների շուրջ:
Փոխվարչապետը և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են նաև Հայաստանում թվային օրակարգի լիարժեք իրականացման կարևորությունը և դրա շրջանակներում հնարավոր համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: