հինգշաբթի, 23 մարտի 2023
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին եւ Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չելպակի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Լեհաստանի ներդրումների եւ առեւտրի գործակալության կառավարման խորհրդի անդամ Զդիսվավ Սոկալը, «Վոլտեր» ֆինանսական խորհրդատվական ընկերության հիմնադիր Մայքլ Վոլտերը, ինչպես նաեւ Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներ:
Փոխվարչապետ Խաչատրյանը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը՝ հանձնառու լինելով ամրապնդելու եւ խորացնելու հետագա հարաբերությունները՝ փոխշահավետ եւ կառուցողական փոխգործակցության միջոցով:
Լեհ գործընկերներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի Հանրապետությանը եւ կատարելագործել արդեն իսկ հաստատված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը, պետական պարտքի սպասարկմանը, պետական եւ գանձապետական պարտատոմսերի թողարկմանը եւ այլն: