երեքշաբթի, 4 ապրիլի 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի ղեկավարած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն և Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իտալական քաղաքական, մշակութային և տնտեսական համագործակցությունը, որը վերջին տարիներին էլ ավելի է խորացել:
Երկուստեք ընդգծել են հայ և իտալացի ժողովուրդների ջերմ և բարեկամական հարաբերությունները, ինչն իր հերթին պարտավորեցնող է երկու երկրների կառավարությունների համար:
Կողմերը արձանագրել են երկու երկրների տնտեսական համագործակցության չօգտագործված մեծ ներուժի առկայությունը, ինչպես նաև քննարկել են դրա իրացման հնարավորությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում օր առաջ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Այս առումով փոխվարչապետն ընդգծել է հասցեական քաղաքական հայտարարությունների և գնահատականների կարևորությունը: