հինգշաբթի, 28 դեկտեմբերի 2000
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Օրակարգում քննարկման էին ներկայացված 4 տասնյակից ավելի հարցեր: Նիստում կառավարությունը որոշում ընդունեց մի շարք լուծարված բաժնետիրական ընկերությունների գույքը մասնավորեցնելու մասին:
Հավանության արժանացավ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ժողովների, հանրահավաքների, երթերի /շքերթների/, պիկետների և ցույցերի /նստացույցերի/ անցկացման կարգի խախտման համար նախատեսվող պատասխանատվությանը: Կառավարությունը հավանություն տվեց նաև «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Փոփոխությամբ նախատեսվում է, որ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր կարող են սահմանվել ՀՀ կառավարության որոշմամբ:
Գործադրի հավանությանն արժանացած մեկ այլ օրենքի նախագիծ վերաբերում է ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, ՍԴ անդամների և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանց կատարելու առնչությամբ զոհվելու, կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանությանը: Նիստում ընդունվեց որոշում «Շահումով խաղերի ու խաղատների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին:
2001թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Մաքսային օրենսգրքի» պահանջով պետական եկամուտների նախարարությունը կառավարության հաստատմանը ներկայացրեց ևս 2 որոշման նախագիծ՝ «ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու միջազգային փոխադրումներով փոխադրվող 20 կգ ընդհանուր քաշը և 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների տեղափոխման կարգը» և «ՀՀ ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի /ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների/ և բնապահպանական վճարի վճարման կարգի մասին» որոշման մեջ մի շարք լրացումներ ու փոփոխություններ:
Հաստատվեց բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը, որը նախագահում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Հովսեփ Քլոյանը:
Կառավարությունը որոշեց ականավոր պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծառայությունները հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով ստեղծել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարան Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ՝ պետական հիմնարկի կարգավիճակով:
Աղետի գոտու վերականգնման ռազմավարությանը համապատասխան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով վթարային դարձած օբյեկտների վերակառուցման նպատակով, հաշվի առնելով Գյումրիի քաղաքային համայնքի ավագանու որոշումը, կառավարությունը որոշեց Շիրակի մարզպետին հանձնարարել որոշման հավելվածում նշված օբյեկտների վերակառուցման և հետագա տնօրինման իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածով նախատեսված պայմաններով փոխանցելու նպատակով կազմակերպել համապատասխան անձանց ընտրություն և նրանց հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:
Կառավարությունը որոշակի խմբագրումներով ընդունեց նաև ոչ պետական պարբերական մամուլի և հեռուստառադիոընկերությունների սուբսիդավորման գումարների բաշխման մասին որոշումը:
Մեկ այլ որոշմամբ ստեղծվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնության գլխավոր վարչություն, որի նպատակը այդ բնագավառում կառավարման արդյունավետության բարձրացումը, միասնական քաղաքականության իրականացումը, ինչպես նաև կապի տեխնոլոգիական գործընթացների իրագործումն ապահովելն է:
Գործադիրը որոշում կայացրեց «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին, ինչը թույլ կտա գործարանին այդ կարգավիճակով ընդգրկվել վարկային ծրագրերում, ակտիվացնել աշխատանքները՝ ինչպես ադամանդագործության ոլորտում է և նոր աշխատատեղեր հիմնել:
Որոշում կայացվեց նաև «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ի «Մետաղական կոնստրուկցիաների գործարան» դուստր ՓԲԸ-ի մասնավորեցման մասին:
Արձանագրային ձևով կառավարությունն ընդունեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին որոշումը, որի դրույթները օրերս հանգամանորեն քննարկվել են ՀՀ վարչապետի գլխավորությամբ անցկացված կլոր սեղանի ժամանակ:
Գործադիրը որոշում կայացրեց նաև ՀՀ կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկի մասին:
Կառավարությունը որոշեց նաև առաջարկել ՀՀ նախագահին 2000թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով «ՀՀ 2001թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «2001թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և միջազգային մի շարք պայմանագրերի վավերացման հարցը:
Արձանագրային որոշմամբ հավանություն տրվեց ՀՀ 2001թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:
Նիստում հաստատվեց կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով չհարկվող այն ապրանքների ցանկը, որոնցից ԱԱՀ մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում:
Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ ստեղծվեց ՀՀ-ին Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներով «Ներդրում» ծրագիրն իրականացնող պետական հիմնարկ:
Գործադիրը որոշում ընդունեց համայնքների ոռոգման ջրի համակարգի կողմից էլէներգիայի օգտագործումից առաջացած պարտքերի վերակառուցման մասին: Հավանության արժանացավ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած, ինչպես նաև ՀՀ 2001թ. պետական բյուջեի միջոցների հաշվին 2001թ. աղետի գոտում ֆինանսավորման ենթակա ծախսերի ծրագիրը, որը կներկայացվի ՀՀ ԱԺ:
Որոշում ընդունվեց ՀՀ 2000թ. պետբյուջեով «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարների ֆինանսավորման մասին:
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեցին Արմավիրի մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները: