երեքշաբթի, 11 ապրիլի 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՀԲ խմբի և ԱՄՀ-ի 2023 թվականի գարնանային հանդիպումներին
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ ժամանած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումներին:
Աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել են Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումները:
Պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ՀԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի, ինչպես նաև ՀԲ՝ Հայաստանի հարցերով իրավասու ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ՀԲ ընթացիկ պորտֆելին առնչվող հարցեր, ինչպես նաև ՀԲ հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային զարգացման ընկերակցության՝ զարգացմանն ուղղված ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկիո Նիշիոն: