Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 դեկտեմբերի 2000

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կառավարությանն առընթեր Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում անդրադարձել է անցնող տարվա արդյունքներին, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մեր կյանքի այլ կարևոր բնագավառներում նկատելի ձեռքբերումներին ու բացթողումներին: Հարացազրույցում ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, որ անցնող տարվա քաղաքական վայրիվերումները, որոնց նկատմամբ տնտեսությունը չափազանց զգայուն է, ուղղակիորեն անդրադարձան հանրապետության տնտեսական կյանքի վրա՝ առանց այն էլ ծանր վիճակն ավելի ծանրացնելով: Այդ ամենը, բնականաբար, դժվարացնում էր կառավարության աշխատանքը, գործարար շրջանակները մղվում էին պասիվ, սպասողական վիճակի, ամբոխահաճո նախաձեռնություններն ավելի ընդունելի էին դառնում, որոնցից օգտվողների թիվը մեծանում էր, նաև այս միջոցներով, հասարակությունը միտինգային, ցույցային տրամադրություններով համակելով, ընթացքում անընդհատ խոչընդոտներ էին ստեղծում գործադիր իշխանության բնականոն գործունեության համար: Արդյունքում չէին ստացվում դեռևս տարեսկզբին բյուջեում որոշակի ծախսերի համար պլանավորված՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ակնկալվող գումարները, ներքին ռեզերվների հաշվին ընթացիկ ծախսերի կատարումը գնալով դժվարանում էր: Ի դեպ, այս կառավարությունն իր գործունեության ընթացքում աշխատել է բացառապես ներքին ռեզերվներով:

«Կառավարությունը ստիպված էր իր գործունեության ամբողջ այս ընթացքում մի քանի ճակատով պայքարել, - նշել է Անդրանիկ Մարգարյանը: - Ում համար պարզ չէր, որ քաղաքական անկայունության, բյուջեի օրեցօր խորացող ճեղքվածքի, սոցիալական մեծ լարվածության պարագայում միայն ուժերի համախմբմամբ հնարավոր կլինի շտկել տնտեսության ծանրությունից կքած մեջքը, մինչդեռ ուժերի անիմաստ վատնում կար, ինչ-որ ուժեր էլ ճիշտ հակառակ ուղղությամբ էին աշխատում: Այդուհանդերձ, չնայած բոլոր դժվարություններին, հաջողվեց հաղթահարել երկրի քաղաքական ապակայունացման ընթացքը, նպաստել ՀՀ նախագահ-ԱԺ-կառավարություն համագործակցության կայացմանը: ԱԺ-ն հաստատեց կառավարության գործունեության ծրագիրը, որի համար առաջին անգամ մշակվեց դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկ՝ իրագործման հստակ ժամականացույցով, կատարողների և ֆինանսական աղբյուրների մատնանշմամբ: Կատարման ընթացքը վերահսկվում է կառավարության աշխատակազմի և վարչապետի վերահսկողական ծառայության կողմից: Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ լուրջ թերացումներ չկան»:

Տնտեսության բնագավառում առաջնահերթ խնդիրների շարքում վարչապետը նշել է նախկին խոշոր արտադրությունների վերագործարկումը, փոքր ու մեծ նոր ձեռնարկությունների ստեղծումը, այդ նպատակների համար ներդրումների ապահովումն ու արտադրանքի իրացման շուկաների որոնումը: Կառավարությունում արդեն մշակվել է արդյունաբերական արտադրության ռազմավարությունը մինչև 2003 թ. ընկած ժամանակահատվածի համար, որը հիմնված է տեխնոլոգիական և կառավարման նորամուծությունների վրա: Ըստ այդմ, որոշվել են ճյուղային առաջնահերթությունները, որոնք հիմնականում ապահովված են տեղական հումքով և ունեն առանձին արտադրատեսակների գծով մենաշնորհ միջազգային շուկայում: Դրանք են քիմիական և հանքարդյունաբերությունները, լեռնամետալուրգիան, սարքաշինությունը, թեթև արդյունաբերությունը, ակնագործությունն ու ոսկերչությունը, ինչպես նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաները՝ օգտագործելով կուտակված գիտական ներուժը: Ըստ վարչապետի, ջանքերի մեծ մասը կենտրոնացվել է հատկապես լեռնամետալուրգիական և քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները ոտքի հանելուն: Սկսեց աշխատել քիմիական ոլորտի հսկան՝ «Նաիրիտը», կառավարությունը հավանություն տվեց Չինաստանում Հայաստանի մասնակցությամբ քլորոպրենային կաուչուկի համատեղ ձեռնարկության ստեղծման վերաբերյալ ամիսներ առաջ ստորագրված արձանագրության դրույթներին: Իրական նախադրյալներ են ստեղծվել Վանաձորի քիմկոմբինատի վերագործարկման համար: Կառավարության աջակցությամբ շարք մտան մի քանի խոշոր համատեղ ձեռնարկություններ, ինչպես հայ-ռուսական Արմենալը, հայ-շվեյցարական «Մանես և Վալեքս», հայ-հունական «Գրանտ-Մասիս» և այլ ընկերությունները: Նախապատրաստական աշխատանքներ տարվեցին նախկինում հանրապետության մեկ այլ արտադրական հսկայի՝ լամպերի գործարանի վերագործարկման ուղղությամբ: Այս ամենը հանրապետության ողջ տարածքում հարյուրավոր լրացուցիչ աշխատատեղեր ապահովեց բնակչությանը:

էներգետիկայի զարգացման բնագավառում մշակվեցին համակարգի բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական փաստաթղթեր: Սակայն այստեղ ևս ամեն բան չէ, որ հարթ էր ընթանում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հատկապես էլեկտրական բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման խնդրում կառավարությունը ստիպված էր հաղթահարել քաղաքական մի շարք ուժերի դիմադրությունը: Բաշխիչ ցանցերի շուրջ քննարկումներում առկա քաղաքական շահարկուները բացասական հետևանքներ ունեցան միջազգային վարկերի ստացման, ընթացիկ բյուջեի կատարողականի վրա, սակայն նկատելի էին նաև դրական արդյունքները. սեփականաշնորհմանն իր մասնակցությունը բերեց խորհրդարանը, իսկ քննարկումների արդյունքում ապահովվեց գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Գյուղատնտեսության ոլորտում, չնայած աննախադեպ երաշտին, կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ամռանն ու աշնանը հաջողվեց ժամանակին և հնարավորին չափ անկորուստ իրացնել ծիրանի, լոլիկի, խաղողի և այլ մրգերի ու բանջարեղենների առատ բերքը, ավելացնել դրանց մթերման ու արտահանման ծավալները: Սեպտեմբերին կառավարությունը հաստատեց 2000թ. երաշտի և սակավաջրության դեմ պայքարի ծրագիրը: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծվեց խնդիրները կանոնակարգող շտաբ: Երաշտի հետևանքների վերացմանն աջակցելու կոչերին արձագանքեցին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Չինաստանի, Բելառուսի և այլ երկրների կառավարությունները, արդեն ստացվում են օգնությունները և հանրապետության առավել տուժած մարզերում աշխատանքներ են իրականացվում երաշտի հետևանքները վերացնելու համար:

Անդրանիկ Մարգարյանը անցնող տարում կառավարության գործունեության կարևոր ուղղություններից է համարել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրը, որի համար հաստատվել են «Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները», «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական օժանդակության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների ծրագրի շրջանակներում կառավարությունում մշակված և առանձին փաթեթով ԱԺ-ի քննարկմանը ներկայացված ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխություններն ու լրացումները կնպաստեն փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանմանը հանրապետությունում:

Վարչապետը հավաստել է, որ տարվա ընթացքում կառավարության լուրջ մտահոգություններից էր բնակչության սոցիալ-կենցաղային վիճակի բարելավումը, որն անհնար էր առանց հարկային ու մաքսային քաղաքականության արմատական վերափոխման: Ձեռնարկված միջոցառումները շատ շուտով տվեցին իրենց արդյունքները: Հուլիս-օգոստոս ամիսներին տարեսկզբի համեմատ ավելացած բյուջետային մուտքերից սկսվեցին ամիսներվ կուտակված աշխատավարձերի և կենսաթոշակների վճարումները: Ընդ որում, հարկերի և հարկային մուտքերի ծավալների աճը հաջողվեց ապահովել ոչ թե կանխավճարների հավաքման արատավոր եղանակի կամ այլ կոշտ մեթոդների կիրառման, այլ պետական կարգապահության խստացման, հարկային ու մաքսային համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ: Կառավարությունն առաջնահերթ խնդիր հռչակեց հովանավորչության և կաշառակերության, կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ պայքարը, որի պետական ծրագրի նախագիծը քննարկման փուլում է: «Ոչ ոք, ոչ մի տնտեսվարող սուբյեկտ չպետք է դուրս մնա հարկային դաշտից, բոլորը պարտավոր են գործել օրենքի առջև հավասարության սկզբունքով», նշել է Ա. Մարգարյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից վարչապետը կարևորել է նաև «Պետական գնումների մասին» օրենքի նշանակությունը, որը կառավարությունը մշակել և ներկայացրել է ԱԺ-ի հաստատմանը: Հասարակական և օրենսդրական վերահսկողությունից գրեթե դուրս մնացած այս ոլորտի գործունեությունը, ներառյալ պետական գնումների նորաստեղծ գործակալությունը, կառավարության որոշմամբ այսուհետ կդառնա հնարավորին չափով թափանցիկ ու վերահսկելի:

Սոցիալական բնագավառում կառավարությունն իր քաղաքականությունը իրականացնում է նաև սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, որն Հայաստանում գործող այլ կառույցների հետ իրականացնում է մոտ 68 ծրագիր: Դրանք ներառված են ՀԲ-ի առաջատար ծրագրերի ցուցակում:

Անցած ամիսներին կառավարությունը հետևողականորեն ջանում էր մարել ամիսներով, անգամ տարիներով, պետբյուջեի վրա ծանրացած սոցիալական պարտքերը: Վարչապետը հիշեցրել է, որ դա հեշտությամբ չհաջողվեց: Հարկ եղավ սեփականաշնորհման միջոցներից այդ նպատակի համար գումարներ ուղղելու համաձայնություն ստանալ խորհրդարանից: Ընդ որում, գործադիրն իր համար բավական կոշտ պայմաններ սահմանեց՝ պարտավորվելով իբրև պարտք վերցրած այդ գումարները վճարել մինչև 2001 թ. ապրիլի 1-ը:

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ այս ամենով հանդերձ հանրապետության բնակչության սոցիալական վիճակը դեռևս մնում է շատ ծանր,- նշել է Անդրանիկ Մարգարյանը: - Դա հատկապես վերաբերում է աղետի գոտուն: Վարչապետը ստեղծված վիճակից դուրս գալու կարևոր նախապայմաններից է համարել արտաքին և ներքին քաղաքական կայունության ապահովումը, առանց որի ոչ մի տնտեսական կամ սոցիալական առաջընթաց հնարավոր չի լինի իրականացնել: Նաև՝ օրենսդրական դաշտի կատարելագործումն ու օրենքների կիրառման արդյունավետության բարձրացումը, ինչը լուրջ նախապայմաններ կստեղծի ոչ միայն ներքին գործարարության, այլև արտաքին ներդրումների համար: Իսկ երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղիները նշված են կառավարության ծրագրում և դրանց կատարումն ապահովող միջոցառումների ցանկում: Դրանք հետևողականորեն կատարելու դեպքում հնարավոր կլինի ստեղծված վիճակից դուրս գալ: Նոյեմբերի վերջի դրությամբ կառավարության ծրագրում նշված էր 211 կետ, որից չի կատարվել ընդամենը 32-ը, այսինքն՝ մոտ 85 տոկոս կատարողական կա, և դա կարելի է դրական գնահատել: Չկատարվածների մեջ մեծ կարևորության խնդիրներ չկան, դրանք հիմնականում տեխնիկական բնույթ կրող հարցեր են»:

Խոսելով 2001 թ. պետական բյուջեի մասին, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ կառավարությունը փորձել է առաջին հերթին իրատես լինել: Անցնող տարում թեկուզ փոքր, բայց տնտեսական աճ կա, որը 2001-ի համար նախադրյալ է ավելիին հասնելու և բյուջեն կատարելի դարձնելու համար: Սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը միայն բյուջեով չի նախատեսված, բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ կապված աղետի գոտու, նոր աշխատատեղերի ստեղծման, կապիտալ շինարարության հետ, նախատեսված են Լինսի հիմնադրամի միջոցների, տարբեր դրամաշնորհների և ծրագրերի հաշվին:

Ըստ Անդրանիկ Մարգարյանի, իր գործունեության հենց սկզբում կառավարության սևեռուն ուշադրության կենտրոնում էր հատկապես սահմանամերձ մարզերի տնտեսական զարգացման ծրագրերի մշակումն ու իրագործումը: Հուլիսի 10-ին կառավարությունը հավանություն տվեց Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի զարգացման ծրագրին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված, Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրը շարունակ քաղաքական շահարկումների էր ենթարկվում: Հարցազրույցում վարչապետը մեկ անգամ ևս հավաստել է այդ հարցում իր հստակ ու վճռական դիրքորոշումը. տարածաշրջանը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, ուստի Մեղրիի նկատմամբ պետք է ցուցաբերվի հատուկ մոտեցում, ինչը և որդեգրե է կառավարությունը:

Նմանատիպ աշխատանքային հատուկ ծրագիր՝ իր միջոցառումների ցանկով կազմվել է նաև սահմանամերձ Տավուշի մարզի համար, որն ամփոփվեց հուլիսի 29-ից 31-ը վարչապետի Տավուշ կատարած այցի ժամանակ:

Անրդանիկ Մարգարյանը նշել է, որ հանրապետության մարզային ու տարածաշրջանային զարգացման ծրագրերից դուրս չէր մնում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որտեղ սոցիալ-տնտեսական նմանատիպ խնդիրներ էին կուտակված: Այս տեսակետից վարչապետը կարևորել է սեպտեմբերի 1-3-ը ԼՂՀ կատարած այցի ընթացքում Հայաստանի և ԼՂՀ կառավարությունների միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը և դրանից հետո պայմանագրում ամրագրված դրույթների ուղղությամբ հետևողականորեն տարվող աշխատանքը:

Անցնող տարում կառավարությունը շոշափելի քայլեր է ձեռնարկել արտասահմանյան և ԱՊՀ երկրների հետ հանրապետության քաղաքական ու տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ: Հունիսի 20-ին և նոյեմբերի 30-ին Անդրանիկ Մարգարյանը Մոսկվայում և Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին, որոնցում ստորագրված կարևոր փաստաթղթերից էին ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու և հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման մասին որոշումները:

Հուլիսի 19-20-ը Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը այցելեց Բելառուսի Հանրապետություն՝ երկրի վարչապետի հրավերով: Ստորագրվեցին միջկառավարական և միջգերատեսչական 8 պայմանագրեր:

Հոկտեմբերին Անդրանիկ Մարգարյանի հրավերով փոխադարձ այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Վիկտոր Երմոշինի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Այցի ընթացքում ստորագրվեցին ևս 4 միջկառավարական համաձայնագրեր, որոնց հիմքի վրա նախատեսվում է Բելառուսի և Հայաստանի միջև մոտ ապագայում ստորագրել մեծ համաձայնագիր:

Դետեմբերի 3-8-ը աշխատանքային այցով վարչապետը եղավ ՉԺՀ-ում: Հանդիպեց այդ երկրի նախագահի, պետխորհրդի նախագահի, պաշտոնական ու գործարար տարբեր շրջանակների հետ: Անդրանիկ Մարգարյանը Չինաստանի նախագահ Ձյան Ձեմինին փոխանցեց 2001թ.-ին հարմար ժամկետում Հայաստան այցելելու ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրավերը: Ընդունվեց համատեղ կոմյունիկե, որով կողմերը հավաստեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, փոխադարձ շփումների ամրապնդման իրենց պատրաստակամությունը: Հարցազրույցում Ա.Մարգարյանը կարևորել է այն հանգամանքը, որ կոմյունիկեում հստակորեն արձանագրվեց նաև ՉԺՀ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

2000թ.-ը վարչապետը հիշարժան է համարել նաև որպես կարևորագույն կառույցների շահագործման հանձնելու տարի: Բացվեց Դավիթաշենի կամուրջ-համալիրը, վերաբացվեց Պուշկինի լեռնանցքի թունելը: Վերջապես լուծում գտավ քաղաքացիական ավիացիայում ստեղծված ծանր կացությունը: Փոխվեց քաղաքացիական ավիացիայի կարգավիճակը. այն դարձավ կառավարությանն առընթեր գերատեսչություն և կլինի անմիջապես հանրապետության վարչապետի վերահսկողության տակ:

Անցնող տարում կառավարությունը հետևողական էր առողջապահության և կրթամշակութային ոլորտների բարեփոխումների իրագործման խնդրում:

Առողջապահության համակագրում սկսված և ընթացող բարեփոխումների գլխավոր խոչընդոտը ֆինանսական դժվարություններն էին: Դրանք տարիներ շարունակ ոլորտում առաջ էին բերել սոցիալական զգալի լարվածություն: Վարչապետի հանձնարարությամբ մշակվեց առողջապահության համակարգի բժշկական կազմակերպությունների պարտքերի, այդ թվում աշխատավարձերի վճարման հստակ ժամանակացույց: Կարևոր էին նաև տարվա ընթացքում կառավարության մշակած բժշկական ապահովագրության ներդրման, առողջապահական հաստատությունների մասնավորեցման ռազմավարության հայեցակարգերը, «Բժշկական ապահովագրության մասին» օրենքի նախագիծը:

Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումների ուղղությամբ ևս որոշակի ծրագրեր իրականացվեցին: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ նախանշված ժամկետներում հրատարակվեցին դպրոցական դասագրքերը, հնարավորություն ստեղծվեց վճարել ուսուցիչների մի քանի ամիսների կուտակված աշխատավարձերը, ավարտել հանրապետության մոտ 250 դպրոցների վերանորոգման աշխատանքները: Երկար սպասված «Կրթության մասին» օրենքը հստակեցում և կանոնակարգում մտցրեց ոլորտում: Մի շարք կարևոր հիմնախնդիրներ արդեն լուծումներ են ստացել: Հաստատվել է բուհերի արտոնագրման և հավատարմագրման կարգը: Պետպատվերն անցած տարի ավելացել է 53 տեղով: Հաստատվել են բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական չափորոշիչները:

Հոկտեմբերի 28-ի կառավարության արտահերթ նիստում արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել մշակույթի պահպանման և զարգացման հայեցակարգային հիմնադրույթներին:

Անդրանիկ Մարգարյանը անցնող տարում կառավարության պատմամշակութային քաղաքականության հատկանշական օրինակներից է համարել պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող մի շարք վանքերի ու եկեղեցիների պահպանության նպատակով, դրանք անհատույց սեփականության իրավունքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնելու կառավարության աննախադեպ որոշումը:

«Թերևս կարելի է թվարկումը շարունակել, խոսել այլ ձեռքբերումների ու բացթողումների մասին, հարցազրույցի վերջում նշել է վարչապետը: Մանավանդ նախատեսված ամեն բան չէ, որ հնարավոր եղավ իրագործել ամբողջությամբ: Ի վերջո, մի քանի ամիսների ընթացքում անհնար էր հասնել կյանքի նկատելի բարելավման: Տարիներով կուտակված հիմնախնդիրների լուծման համար կայուն պայմաններ ու տևական ժամանակ է հարկավոր: Բայց կարծում եմ հնարավոր եղավ իրագործել գլխավորը՝ նախադրյալներ ստեղծել երկրի տնտեսության առողջացման, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման, նորմալ ու արժանավայել կյանքի կառուցման համար:

Ամենից կարևորը՝ ավարտվող տարվա, դարի ու հազարամյակի շեմին, համարում եմ դարերով երազած մեր անկախության ձեռքբերումը: Անկախությունն այլընտրանք չունի և ես անկեղծորեն հավատում եմ մեր ժողովրդի, մեր պետության ապագային: Մի քանի հազարամյակների պատմություն ունեցող, 1700 տարի առաջ պետականորեն քրիստոնեությունն ընդունած, իր անկախության ու ազատության համար դարեր շարունակ կենաց և մահու պայքար մղած հայ ժողովուրդը ոչ միայն չի կարող հուսալքվել, այլև ընդունակ է նոր մեծ հաղթանակների: Նոր տարվա և հազարամյակի շեմին բոլոր մեր հայրենակիրներին մաղթում եմ ողջամտություն, փորձությունները դիմագրավելու ամուր կամք, լավատեսություն, համախմբվածություն և մեծ ու լուսավոր հավատ մեր հայրենիքի ապագայի նկատմամբ: Չեմ կասկածում, որ նոր հազարամյակը նոր ու հզոր մեր պետության, բարվոք ու արժանավայել կյանքով ապրող մեր ժողովրդի ժամանակն է լինելու: Մենք պետք է կարողանանք համախմբվել մեր պետականության ամրապնդման գաղափարի շուրջ և գիտակցենք, որ ժամանակավոր սոցիալական, քաղաքական դժվարությունները չպետք է պատճառ դառնան, որ կասակածի տակ դնենք անկախության, հայոց պետության գաղափարն ընդհանրապես», - նշել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ