հինգշաբթի, 3 փետրվարի 2005
Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ, Վրաստանի կառավարությանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որում մասնավորապես ասված է. «ՀՀ կառավարությունն իր խորը ցավակցությունն է հայտնում Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահվան կապակցությամբ: Խոր վշտի և ափսոսանքի խոսքեր ասելու հետ միասին, ցավալի է գիտակցել, որ ուժերի ծաղկման շրջանում կյանքից հեռացավ արտասովոր մարդը, տաղանդավոր քաղաքական և հասարակական գործիչը, որն այնքան շատ բան է արել անկախ ու ժողովրդավարական Վրաստանի կայացման համար, նշանակալի ավանդ է ներդրել մեր երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում:
Կատարվածը անդառնալի կորուստ է բոլորիս համար:
Դժվար այս ժամին խորապես սգալով ձեզ հետ միասին, խնդրում եմ մեր ցավակցությունները հաղորդել հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին»: