Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 մայիսի 2023

Կառավարությունը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի դեղագործական արդյունաբերության ոլորտի համար









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Գործադիրը հաստատել է Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը: Փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը կապված է ՀՀ կառավարության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման հետ: 2021 թ. դեղերի արտադրության ծավալների աճը 2011թ-ի համեմատությամբ կազմել է 178,6%, իսկ արտահանման ծավալների աճը՝ 103,6%: Ըստ հիմնավորման՝ դեղագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն ՀՀ դեղագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, արտադրողականության բարձրացման, ինչպես նաև զարգացման նոր ուղղություններ հիմնելու ուղղությամբ։ Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, նոր դեղերի արտադրության կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն իրականացնել ներմուծման փոխարինում տեղական շուկայում, և օգտագործել տեղական գիտական մշակումները՝ թողարկելով նոր դեղեր արտահանման համար։ Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը։ Որոշման ընդունման արդյունքում՝ զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն ոլորտի համար, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը: Բացի այդ, կստեղծվեն պայմաններ Հայաստանի դեղագործական արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ծրագրով նախատեսված նպատակների համար նախանշվել են միջոցառումների ուղղությունները, և դրանց ներքո անհրաժեշտ գործիքակազմերի ներդրումը. «Օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան մասնագիտական կադրերի ապահովում և դեղագործական արդյունաբերության արտադրողականության բարձրացում, ներքին շուկայում տեղական արտադրանքի ավելացում, ոլորտի ճանաչելիության մակադրակի բարձրացում, արտահանման շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում, տեղական հումքային բազայի ստեղծում, միջազգային համագործակցության ընդլայնում, դեղագործական ոլորտում առավել խորը հետազոտությունների իրականացման օժանդակություն, աջակցություն դեղագործական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը»,- ասել է Վահան Քերոբյանը։ Ըստ նախարարի՝ վերոնշյալ գործիքակազմի կիրառման արդյունքում ակնկալվում է դեղագործական ոլորտի արտադրության ծավալները 2027 թվականին հասցնել 40 միլիարդ դրամի (4 անգամ ավելացնել), իսկ արտահանման ծավալները՝ 25 միլիարդ դրամի (5 անգամ ավելացնել), աշխատողների քանակը հասցնել 1500 մարդու։ Ծրագրի բյուջեն կազմելու է 2,5 միլիարդ դրամ։

Տիգրան Խաչատրյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ տեխնոլոգիական սարքավորումների արդիականցման հարցը կարևոր է ցանկացած ոլորտի, այդ թվում՝ դեղագործական արդյունաբերության զարգացման առումով: «Դեղագործության արտադրանքի ոլորտն առանձնահատուկ է նրանով, որ օգտագործվող ապրանքատեսակների անվանացանկը, առհասարակ՝ դեղերի, դեղագործական արտադրանքի, շատ մեծ է, իսկ տեղական արտադրության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր արտադրող կարող է արտադրել սահմանափակ թվով դեղեր, դեղամիջոցներ: Հետևաբար՝ մենք այս ոլորտում զարգացում արձանագրելու համար նախ և առաջ, ինչպես նաև ծրագիրն է նախատեսում, պետք է հետևողական լինենք, որ տեխնոլոգիական սարքավորումները լինեն ժամանակակից, աշխարհի պահանջներին համապատասխան, ինչն էլ որակով արտադրանք թողարկելու երաշխիքն է»,-ասել է փոխվարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ծրագրի իրականացումը կարևորել է առողջապահական համակարգի զարգացման և կայունության ապահովման համատեքստում:

Կառավարությունը 396 մլն դրամ է հատկացրել 3 մարզերում 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար

Կառավարությունը ընդունել է որոշում, որով նախատեսում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում և 396,600.0 հազար դրամ ուղղել Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կրթահամալիների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: Սահմանված նախապայմաններից ելնելով՝ Արագածոտնի մարզում ընտրվել է թվով 7 բնակավայր, Արմավիրի մարզում՝ թվով 4 բնակավայր, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 9։ Կրթահամալիրների ստեղծման ծրագրի շրջանակում մարզեր կատարած այցերի և իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այն բնակավայրերի համար, որտեղի դպրոցների աշակերտական համակազմը մեծ է, կառուցել դպրոցների նոր շենքեր. Արագածոտնի մարզում՝ 8 բնակավայր, Արմավիրի մարզում՝ 8 բնակավայր, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 6 բնակավայր: Այսպիսով, նախատեսվում է գումար հատկացնել ընդհանուր թվով 42 հաստատության՝ 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

«Ներկայացվող նախագծով ևս մեկ քայլ առաջ ենք գնում ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով»,- նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ առաջիկայում կավարտվեն 107 կրթահամալիրների և դպրոցների նախագծման աշխատանքները, որից հետո կհայտարարվեն շինաշխատանքների մրցույթներ: Ըստ փոխվարչապետի՝ շինարարական աշխատանքների ծավալը կկազմի առնվազն 150 մլրդ դրամ:

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել մարզերում սուբվենցիոն ծրագրերի ապահովման համար

Կառավարությունը 999,112.2 հազ. դրամ է հատկացրել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Ըստ այդմ, նախատեսվում է համաֆինանսավորել 2021, 2022 և 2023 թվականների ստորև ներկայացվող սուբվենցիայի ծրագրերը: Մասնավորապես՝ իրականացվել են Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նորաշեն, Նարեկ, Վ. Արտաշատ, Քաղցրաշեն, Մրգավան, Դալար, Ազատավան, Մխչյան բնակավայրերում կատարվել են փողոցների ասֆալտապատման, Ավշար բնակավայրի մանկապարտեզի 3-րդ և 4-րդ մասնաշենքերի, ապաստարանի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման, Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի մանկապարտեզի սեյսմազինվածության բարձրացման, Մեծամոր և Արազափ մշակույթի տների վերանորոգման, Գայ բնակավայրի ջրահեռացման համակարգի մի մասի և ջրամատակարարման ցանցի կառուցման, Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրում կանգառների տեղադրման, Շնող բնակավայրի «Հեքիաթ» մանկապարտեզի բարեկարգման, Սպիտակ, Արջահովիտ, Ջրաշեն, Արևաշող բնակավայրերի փողոցային լուսավորության գոյություն ունեցող համակարգերի ընդլայնման, Ստեփանավան բնակավայրի Ռումինական թաղամասի թիվ 18 բազմաբնակարան շենքի էներգաարդյունավետ արդիականացման, ռիսկերի նվազեցման, Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն բնակավայրի խմելու ջրագծերի կառուցման, Արգել բնակավայրի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման, Արագյուղ, Քասախ, Պռոշյան բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման, Եղվարդ բնակավայրում ջրահեռացման ցանցի կառուցման աշխատանքներ, Շիրակի մարզ ի Արթիկ բնակավայրի թվով 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ բնակավայրերի ջրագծի կառուցման, Սյունիքի մարզի Կապան համայնքի «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի գրասենյակի կառուցման, Հ․ Ավետիսյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի հարևանությամբ խաղահրապարակի և մարզադաշտի վերանորոգնման և հանգստյան գոտու կազմակերպման, Տավուշի մարզի Այրում բնակավայրի Թումանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այս տարի մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ «2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 2022 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում ենք մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել: 2023 թվականի բոլոր ծրագրերն արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ: Հաստատված 259 ծրագրերից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրեցինք: 24-ում շինարարություն է, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, այսինքն՝ առաջիկայում կմտնեն շինարարության փուլ: Մյուսներում, որոնք մենք պայմանով էինք հաստատել, գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում, որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին»,- ասելէ նախարարը:

Գործադիրն ընդունել է նաև որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի վարկային և դրամաշնորհային կապիտալ միջոցառումների ներքո կնքված պայմանագրերի շրջանակներում առկա պարտավորությունների դիմաց վճարումներ կատարելու նպատակով: Մասնավորապես՝ Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությունը համարվում է Հյուսիս-հարավ միջանցքի համար ռազմավարական նշանակություն համարվող կարևորագույն հատվածներից մեկը, որի նպատակը սեղմ ժամկետներում ավարտին հասցնելն է: Պայմանագիրը մոտենում է իր ավարտին, իսկ մնացորդային արժեքը դեռևս կազմում է շուրջ 15 մլն եվրո, որը համարժեք է շուրջ 6,6 մլրդ դրամի: Խիստ վերահսկողության արդյունքում Շինարարի և Տեխ հսկող ինժեների կողմից ներկայացվել է կատարողականների ներկայացման և աշխատանքների ավարտման ժամանակացույց, համաձայն որի անհրաժեշտություն է առաջանում 4-րդ եռամսյակում ներգրավել 3,800,000.0 հազար ՀՀ դրամ գումար՝ կատարելով միջծրագրային վերաբաշխումներ:

Նախատեսվում է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային բեռնափոխադրումների տեղափոխման ծախսերի փոխհատուցում

Կառավարությունն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։ Հիմնավորման համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի և/կամ նավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը։ Լաստանավային հաղորդակցությունն սկսելու նպատակով համապատասխան կառավարության որոշումներն ընդունվել են 2022 թվականին։ Այնուամենայնիվ, դրանց ընդունումից ի վեր տեղի են ունեցել մի շարք էական հանգամանքների փոփոխություններ, որոնցով պայմանավորված՝ դեռևս հնարավոր չի դարձել միջոցառման գործարկումը։ Որոշմամբ առաջարկվում է ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցման նպատակով բեռնափոխադրումների՝ ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լաստանավով և/կամ նավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։ Նախատեսվել է, որ օպերատորի կողմից լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն։

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի նպատակն ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, ինչպես նաև ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումն է: Օրինագծերով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես՝ անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով պայմանավորված՝ որոշակիորեն ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 8 տոկոս, ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում 18 և ավելի տոկոսով, օղու և էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի բարձրացնել 10 տոկոսով:

Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերով, մասնավորապես, նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին ներկայացման համար։ Համապատասխան տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին փոխանցման արդյունավետության ապահովման նպատակով նախագծերով սահմանվում են նաև փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջներ և տեղեկությունների ցանկի սահմանման իրավասություն։ Նախատեսվում է նաև համապատասխան տեղեկությունների մաքսային մարմիններին չներկայացումը սահմանել որպես համապատասխան գործունեության լիցենզիայի կասեցման հիմք։ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում՝ նախապես հավաքագրվող տեղեկությունների վերլուծության հանգամանքով պայմանավորված, ինչի արդյունքում կապահովվի մաքսային մարմինների կողմից կիրառվող ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ թիրախային հսկողության իրականացումը, որի արդյունքում նաև կպարզեցվեն ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը և կապահովվի ապրանքների՝ պարզեցված ընթացակարգերով բացթողումը։

Հավանության է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և հարակից օրինագծերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փոփոխությամբ կսահմանվեն ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող բարի համբավի, ֆինանսական միջոցների ու մասնագիտական որակավորման պահանջները, ինչպես նաև միջպետական փոխադրումներ իրականացնելու հետ կապված առանձնահատկությունները: Կսահմանվեն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստման գործընթացին ներկայացվող պահանջները:

Գործադիրը հավանություն է տվել «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունումը թույլ կտա կանոնակարգել և առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, ինչպես նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:

Հավանության է արժանացել «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է Քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումների կենտրոնացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո։ Օրինագծի ընդունումը կնպաստի նաև Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը:

Այլ որոշումներ. կշարունակվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության տրամադրումը

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով: Արդյունքում՝ կշարունակվի ապրիլի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը, ինչի համար կհատկացվի լրացուցիչ 33,600.0 հազար դրամ: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ:

Կառավարությունը հավանություն է տվել «Ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման տվյալներ փոխանակելիս ԱՊՀ մասնակից պետությունների միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է համաձայնագրի անդամ ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև իրականացնել շրջակա միջավայրի ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման տվյալների փոխանակում՝ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում ռադիացիոն իրավիճակի, դրա փոփոխության վերաբերյալ տվյալների և տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների տարածք՝ այդ թվում երրորդ պետությունների տարածքներից, միջսահմանային ռադիոակտիվ աղտոտման կամ դրա վտանգի դեպքում տվյալների փոխանակում: Համաձայնագիրը ստորագրած պետությունների միջև նախատեսվում է ստեղծել ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման միասնական տեղեկատվական հարթակ։ Համաձայնագիրը նպաստելու է միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովմանը, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անօրինական տարածման կանխմանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ