հինգշաբթի, 8 հունիսի 2023
ՀՀ որոշ մարզերում կներդրվեն Պրոբացիայի ծառայության շարժական տրանսպորտային գրասենյակներ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
ՀՀ որոշ մարզերում կներդրվեն Պրոբացիայի ծառայության շարժական տրանսպորտային գրասենյակներ. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Պրոբացիայի ծառայությունն իր աշխատանքներն իրականացնում է Երևան քաղաքում, ՀՀ մարզային 27 գրասենյակներում և մեկ մասնագիտական ուսումնական կենտրոնում (ք. Արարատ): Քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ պրոբացիայի ծառայության գործառույթները գրեթե կրկնապատկվել են՝ ծառայության կողմից նոր պատիժների կատարմամբ, ինչպես նաև՝ նոր խափանման միջոցների կիրառմամբ պայմանավորված, մասնավորապես, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելը, ազատության սահմանափակումը, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ապահովումը, այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք և վարչական հսկողություն, անվտանգության միջոցներ՝ որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու և հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կատարելու ապահովումը: Պրոբացիայի ծառայության մարզային մարմինները տեղակայված են մարզկենտրոններում, սակայն ծառայություն են իրականացնում ամբողջ մարզի տարածքում։ Նշվածով պայմանավորված՝ շատ հաճախ պրոբացիայի շահառուի՝ օրենքով վերապահված պարտավորությունների իրականացման համար ծառայության մարզային մարմին ներկայանալն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ պրոբացիայի շահառուի կամքից անկախ՝ աշխատանքային պայմաններից և/կամ սոցիալական դրությունից ելնելով։
Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ վերոնշյալ խնդիրներից խուսափելու, միևնույն ժամանակ ծառայության գրասենյակների օպտիմալացման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել որոշ մարզերում ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն համապատասխան գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կստեղծի իրականացնել պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների ընդունելությունը, համապատասխան հաշվառման և այլ անհրաժեշտ գործառույթները: Շարժական տրանսպորտային գրասենյակներում աշխատանքներ իրականացնող ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրերին կշրջեն նրանց բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն իրավունքներն ու պարտականությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության կատարման համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները, անհրաժեշտության դեպքում կտրամադրեն իրավաբանական խորհրդատվություն՝ պատժի կամ վերահսկողության վերաբերյալ, ինչպես նաև կտրամադրեն հոգեբանական ծառայություններ, ինչը կնպաստի Պրոբացիայի ծառայությանն օրենքով վերապահված գործառույթների արդյունավետ իրականացմանը։ Շարժական տրանսպորտային գրասենյակների ներդրմամբ կիրականացվի նաև ծառայության գրասենյակների օպտիմալացում և կենտրոնացված կառավարում, մասնավորապես՝ այն քաղաքների գրասենյակները, որոնք սպասարկում են քիչ թվով շահառուներ կփակվեն և դրանց ռեսուրսը կկենտրոնացվի մարզային մարմինների կենտրոնական գրասենյակներում: Նախատեսվում է փակել ինը գրասենյակ: Եվս մեկ մարդատար 17 նստատեղով ավտոմեքենայի ձեռքբերումը կնպաստի նոր ստեղծված մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը և նպատակների արդյունավետ իրականացմանը, ավելի շատ թվով շահառուների ներգրավմանը կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին: Ավտոմեքենան կծառայի շահառուներին Երևան քաղաքից և այլ մարզերից Կենտրոն (տեղակայված է Արարատի մարզի Արարատ քաղաքում) փոխադրելու, պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող վերականգնողական ծրագրերի շրջանակում տարբեր կրթական և մշակութային հաստատություններ այցելելու, ինչպես նաև Պրոբացիայի ծառայությանն օրենքով վերապահված՝ պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման գործառույթներն արդյունավետ իրականացման համար: Այսպիսով, որոշմամբ առաջարկվում է 85,000.0 հազ․ դրամ գումարի չափով ավելացնել Պրոբացիայի ծառայությանը հատկացված դրամական միջոցները։
Կբարելավվեն Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանները
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ԱԱԾ բազմաթիվ ծառայողներ ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար: Ըստ այդմ՝ հնարավորություն է ստեղծվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներն ամբողջ ծավալով տրամադրելու եղանակով, Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես և սահմանապահ զորքերում հատկապես, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից: Որոշմամբ առաջարկվում է կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողներին: Ծրագրի շրջանակում առաջարկվում է յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն ընձեռել բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակցելով այդ նպատակով անցկացվող վիճակահանությանը, ինչի համար պետբյուջեից մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 157.000.000 ՀՀ դրամ։ 2024 թ. համար նախատեսված միջոցների վերաբերյալ առաջարկը կներկայացվի 2024 թ. պետբյուջեի նախագծի քննարկման շրջանակում։
Ավելի քան 358 մլն դրամ՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների մասնակցության ապահովման, միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի հաստատված բյուջեն ավելացնել 358 մլն 353 հազար դրամով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Որոշման ընդունումը բխումէ թվով 11 ՀՀ մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից` 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար: Ըստ հիմնավորման՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի այդ, ֆեդերացիները կմասնակցեն միջազգային մրցաշարերին, ավելացնելով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանի խոսքով՝ որոշման ընդունման դեպքում ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, վարկանիշների ձեռք բերում, մարզական արդյունքների աճ: «Ինչպես գիտեք, 2022 թվականին ֆեդերացիաներին հատկացվեց լրացուցիչ 200 մլն դրամ, որով հնարավորություն տրվեց մարզիկներին մասնակցելու ավելի մեծ թվով հավաքների և մրցաշարերի, և արդյունքներն եղան ուղղակի աննախադեպ: Նվաճեցինք 307 մեդալ նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ թիվը 30 տոկոսով բարձր է երբևէ ունեցած մեր ամենաբարձր ցուցանիշից: Նկատի ունենք նաև, որ 2023 թվականը նախաօլիմիպիական տարի է, և կարևոր են աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, որտեղ խաղարկվելու են Փարիզ-2024 օլիմիպիական խաղերի վարկանիշները, որը նույնպես առաջ է բերում ավելի մեծ թվով հավաքների և միջազգային մրցաշարերի մասնակցելու անհրաժեշտությունը»,-նշել է փոխնախարարը:
Հունիսի 14-17-ը Երևանում կանցկացվի Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Հունիսի 14-17-ը Երևանում կանցկացի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարը: Կառավարությունն ընդունել է որոշում մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով 49460.0 հազար դրամ տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ. 2023 թ. Եվրոպայի չեմպիոն են դարձել՝ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, 2022 թ. երիտասարդների և մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն՝ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և երիտասարդների Եվրոպայի հաղթողներ դարձան Մուշեղ Մկրտչյանը, Լյովա Գևորգյանը: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ միջազգային ֆեդերացիան առաջարկել է Հայաստանում անցկացնել Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր 140 մասնակիցների մասնակցություն: Միջազգային մրցաշարի անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում որպես առաջատար երկիր՝ ապահովելով երկրի մարզական հեղինակության բարձրացումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը:Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակութային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակույթային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին նպաստելով տնտեսության համընթաց զարգացմանը:
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով շարունակվելու է կարևորվել նաև ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Ըստ հիմնավորման՝ կողմերի ընդհանուր պարտավորություններից և եզրափակիչ դրույթներից բացի համաձայնագրով կարգավորվում են ծառայությունների անդրսահմանային առևտուրը, ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի ողջ շրջանակը, ինչպես նաև ներդրումային գործունեությունը։ Համաձայնագրում ներդրումների, ինչպես նաև ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտները կարգավորող դրույթների առկայությունը նպատակ ունի նպաստել Համաձայնագրի մասնակից պետություններում գործարար միջավայրի բարելավմանը և խթանել ներդրումային հոսքերը։ Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, ընդհանուր առմամբ, ներդրումային գործունեության պայմանների ազատականացում։ Բացի այդ, կարգավորվում են ֆինանսական, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտներում ծառայությունների առևտրի առանձնահատկությունների հետ կապված հարցերը։
Հավանության է արժանացել նաև 2023 թ. փետրվարի 13-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին 2014 թ. դեկտեմբերի 23-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ հիմնավորման՝ ԵԱՏՄ անդամ-պետություններում գրանցված բժշկական արտադրատեսակների շրջանառության անցումային շրջանը թույլ կտա խուսափել անդամ-պետություններում բժշկական արտադրատեսակների պակասուրդից՝ միաժամանակ ապահովելով բժշկական արտադրատեսակների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով գրանցման սահուն անցման պայմաններ։ ՀՀ-ում բժշկական արտադրատեսակները մինչ այժմ չեն գրանցվում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի բացակայության պատճառով: Նախատեսված փոփոխությունները լրացուցիչ ժամանակ են ընձեռում Հայաստանում բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կարգավորող ենթաօրենսդրական դաշտի նախապատրաստման համար, ինչը կապահովի բնակչությանը անվտանգ, որակյալ, արդյունավետ բժշկական արտադրատեսակներով: Արձանագրությունը կնպաստի ԵԱՏՄ անդամ-պետություններում բժշկական արտադրատեսակների շրջանառության (գրանցման) ոլորտի իրավահարաբերությունների առավել արդյունավետ կարգավորմանը։
Ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար էլեկտրոնային եղանակով հարկային մարմին դիմում կներկայացվի
Կառավարությունը սահմանել է Ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՀՀ ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածքից արտահանելու դեպքում փոխհատուցվում է արտահանվող ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի ամբողջ գումարը: Սահմանվել է նաև, որ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողի կողմից այդ ապրանքները ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, լրացվում է նաև արտահանվող ապրանքների ներմուծման ժամանակ լրացված ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրի ամսաթիվը և համարը, ինչպես նաև ապրանքների անվանումները և չափման միավորները՝ ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրում լրացված անվանումներին և չափման միավորներին համապատասխան: Նախատեսվում է նաև, որ ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած հարկ վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում: Հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումում նշված փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը, կազմում է եզրակացություն և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրակացությունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցումը` ակցիզային հարկի գումարը մուտքագրելով միասնական հաշվին: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թ. հունվարի 1-ից հետո ՀՀ տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով:
Կսահմանվի անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման կարգ
Գործադիրը սահմանել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը: Ըստ այդմ՝ կսահմանվեն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման կանգնելու հետ կապված հարաբերությունները: Նախատեսվում է, որ պարզեցված հաշվառման կարգը կգործի 2024թ․ ապրիլի 1-ից՝ նոր համակարգի ներդրման աշխատանքներով պայմանավորված։ Բացի այդ, ՎԵԲ տարբերակից բացի նախատեսվում է նաև բջջային հավելվածի տարբերակ։ Պարզեցված հաշվառման գործընթացը հնարավոր է ապահովել միայն նոր համակարգի ներդրմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր համակարգ (Վեբ և բջջային հավելված) ՀՀ ֆիզիկական անձիք մուտք են գործելու անցնելով խիստ նույնականացում «Ես եմ» համակարգի միջոցով, որը հնարավորություն կտա առանց լրացուցիչ տվյալներ լրացնելու և փաստաթղթեր կցելու ներկայացնել ինքնաշխատ լրացվող ՀՎՀՀ ստանալու դիմում։
Արտոնություն է տրամադրվել Սևանա լճի ազգային պարկի զարգացման ներդրումային ծրագրին
Կառավարության որոշմամբ «ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել զբոսաշրջության ոլորտում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Սևանա լճի ազգային պարկի զարգացման ծրագիր, առագաստանավային ակադեմիայի ստեղծում, առագաստանավային ակումբի ստեղծում, ինչպես նաև հյուրանոցային համալիրի կառուցում։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Գեղարքունիքի մարզում։ 2022 թ. հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 49 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.6 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 67 նոր աշխատատեղ՝ մինչև 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 295 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44.3 մլն դրամ:
Կառավարությունը շարունակում է քաղաքացիական անձանց անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրումը
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է շարունակել պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրումը: Ըստ հիմնավորման՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2023 թվականի ապրիլի 20-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այդ անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով կհատկացվի լրացուցիչ 6 մլն դրամ: Արդյունքում՝ սոցիալական աջակցություն կտրամադրվի 10 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ մայիս և հունիս ամիսների համար:
Զբաղվածության խթանման միջոցառման միջոցով 206 նպաստառու և հաշմանդամություն ունեցող գործազուրկ կապահովվի կայուն զբաղվածությամբ
Զբաղվածության խթանման միջոցառման իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ միջոցառմամբ նախատեսված է հաշմանդամություն ունեցող գործազուրկների, ինչպես նաև ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունների մեծացման նպատակով գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը և աջակցության տևողությունը տարբերակվում է աշխատանքի ընդունվող անձի տարիքով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված։ Մասնավորապես, նախատեսվում է 2023 թ. ընթացքում միջոցառման միջոցով աջակցել 206 գործազուրկ անձի, որից 63-ը հաշմանդամություն ունեցող, իսկ 143-ը՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անդամ:
Գործադիրը հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը: Ծրագրում ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված` կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, առաջիկա տարիների պետական քաղաքականությունը, ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվող միջոցառումներ, սահմանվել են դրանց կատարման պատասխանատումները և թիրախները: Համալիր ծրագրում սահմանվել են 7 առաջնահերթություններ, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովում, խտրականության բացառում, հաշմանդամություն ունեցող անձանց՝ որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում, հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովում, ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում, մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների բարելավում, խնամքի ծառայությունների փոխակերպում և անկախ կյանքի ապահովում, արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության ապահովում։ Յուրաքանչյուր առաջնահերթության շրջանակում նախատեսվել են այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ պայքարին, նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը,
Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել՝ մրցույթով
Կառավարության որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Ավան, Խուդյակովի փողոց 1 գիտահետազոտական ինստիտուտ հասցեում գտնվող 1780.8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.1176 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Գույքի գնահատված շուկայական արժեքը 2023 թ. փետրվարի 23-ի դրությամբ կազմում է 322 500 000 ՀՀ դրամ։ Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 195 600 000 դրամ։ Հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 29 268 994 դրամ է: Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 322 500 000 դրամ։ Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 16 125 000 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետբյուջե։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կամրացվի Կոտայքի մարզպետի աշխատակազմին: Արդյունքում՝ Ձորաղբյուր գյուղում կկառուցվի բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության շենք:
Սահմանվել են կարուսելների շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները
Կառավարությունը սահմանել է կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է: Որոշման ընդունման հիմնական նպատակն է շահագործման գործընթացի ժամանակ ունենալ նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավոր օբյեկտի անվտանգ շահագործումը:
Հաստատվել է ՀՀ բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման կարգը
Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման ու հաստատման կարգը: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի՝ ՀՀ տարածքում պատմականորեն ձևավորված կամ հուշարձաններով հարուստ բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության համար բարենպաստ պայմաններ ապահովելու, դրանց քաղաքաշինական և գեղագիտական դերը պահպանելու նպատակով և ելնելով նոր կառուցապատում իրականացնելու համար որոշակի պայմաններ սահմանելու նկատառումից, կազմվում են բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծեր: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ներկայումս բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման ու հաստատման կարգի բացակայությամբ, որոնք խնդիրներ են ստեղծում պատմամշակութային հիմնավորման նախագծի առաջադրանքի կազմման, նախագծի կազմի և բովանդակության հիմնական պահանջների ապահովման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման գործընթացների համար: Նշված չկարգավորված գործընթացները և խնդիրները խոչընդոտում են և թույլ չեն տալիս հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնին, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, լուծելու միասնական խնդիրները: Արդյունքում՝ կկանոնակարգվի բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման, համաձայնեցման և հաստատման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով, կբացառվեն նույնաբովանդակ և կրկնվող գործընթացները։ Բարենպաստ պայմաններ են ստեղծվելու հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրության, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից միասնական խնդիրների լուծումների համար:
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Գործադիրը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կառավարման և ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, հաստիքային կազմի օպտիմալիզացում իրականացնելու և կրթական ծրագրերի ծրագրային ու ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը դյուրինացնելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ ռազմաուսումնական հաստատությունների միավորումը թույլ կտա ընդհանրացնել ոչ միայն միևնույն գործառույթ իրականացնող կառավարման մարմինները ու ստորաբաժանումները, այլև հնարավորություն կստեղծի մտցնել միջազգային չափանիշների համապատասխան ռազմաուսումնական հաստատության կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթ, ստեղծել մեկ ընդհանուր արդիական ուսումնանյութական բազա (ռազմաուսումնավարժական դաշտեր, բազաներ, համալիրներ, անհրաժեշտ միջոցներով հագեցված լաբորատորիաներ), ապահովել պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ստեղծել մասնագիտական խորհուրդ, կենտրոնացնել ֆինանսական միջոցները մեկ միասնական կառավարման համակարգի ներքո:
Կառավարությունը թույլատրել է «Քվանտ» վարժարանին 2023/2024 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը` անգլերեն, 3 տարի ժամկետով: Ըստ հիմնավորման՝ ««Քվանտ» վարժարանի կողմից «Միջազգային բակալավրիատի Դիպլոմա» (IB DP Programme) ծրագիրն իրականացվում է 2011 թ. ր այդ ընթացքում վարժարանը տվել է ՄԲ ծրագրով կրթություն ստացած 151 շրջանավարտ։ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով վարժարանում կրթություն են ստացել տարբեր երկրների շուրջ 40 քաղաքացիներ՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն, Լիբանանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և այլն:
Այլ որոշումներ. ավարտվել են Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքները
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի՝ ՀՀ տարածքում գտնվող հատվածը մասնագիտական հանձնաժողովի կողմից ընդունվելու համար կստեղծվի ընդունող հանձնաժողով. այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի շրջանակում ավարտվել են Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքները։ Որոշման արդյունքում կստեղծվի կամրջի հայկական կողմի հատվածի ընդունման մասնագիտական հանձնաժողով, որը կհետազոտի կամրջի համապատասխանությունը հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին, կտրամադրի ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող ակտ, որն էլ, ի թիվս այլ փաստաթղթերի, հիմք կհանդիսանա համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համար Կամուրջը շահագործման ընդունելիս։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հատկացնել 39,000.0 հազար դրամ՝ շենքի հակահրդեհային համակարգի ներդրման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով: Ըստ հիմնավորման՝ համալիրում իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություն, որի արդյունքներով տնօրինությանն առաջարկվել է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ կապված հակահրդեհային համակարգի բարելավման հետ: