հինգշաբթի, 10 փետրվարի 2005
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հայգազարդ» ՓԲԸ-ին փոխանցված էլեկտրաէներգիայի գծով դեբիտորական պարտքերի մարման համար առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը:
Հանձնաժողովը քննարկել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք հիմնականում իրականացվել են: Մասնավորապես, կազմվել և ներկայացվել է մինչև 2002թ. հոկտեմբերի 1-ը էլեկտրաէներգիայի սպառման գծով պարտավորություններ ունեցած ֆիզիկական անձանց ցուցակը՝ նշելով մարման ենթակա պարտքի չափը, ապահովվել է մինչև նշված ժամկետը կուտակված պարտքերի գանձման գործընթացի դադարեցումը: Իրականացվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով հանձնաժողովի որոշման մասին բնակչության իրազեկումն ապահովելու վերաբերյալ՝ ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին տրված հանձնարարականը:
Քննարկման արդյունքում հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի նախարարին և ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչությանը՝ կարճ ժամկետում մարզպետարաններին և համապատասխան համայնքներին տրամադրել մինչև 2002թ. հոկտեմբերի 1-ը էլեկտրաէներգիայի սպառման գծով պարտավորություններ ունեցած ֆիզիկական անձանց անվանական ցուցակները: