շաբաթ, 21 ապրիլի 2001
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀԿ խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստը հրավիրվել էր քննարկելու և հաստատելու ՀՀԿ առաջիկա՝ 6-րդ համագումարի օրակարգը:
Խորհրդի անդամներին ուղղված իր ելույթում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հիշեցնելով նախորդ՝ 1999 թ. դեկտեմբերին տեղի ունեցած ընդլայնված նիստը, անդրադարձել է դրանում ամրագրված սկզբունքներին, որոնցից բխում են հետևյալ մոտեցումները.
-պահպանվում է «Միասնություն» դաշինքը
-կուսակցությունը շարունակելու է Վ.Սարգսյանի և Կ.Դեմիրճյանի սկսած աշխատանքները, և դա կատարվում է կառավարության ու Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության կողմից, աջակցություն ստանալով ԱԺ-ի մյուս խմբերից ու խմբակցություններից, հանրապետության նախագահից:
-Լեռնային Ղարաբաղի հարցում արտահայտվել է մեր հստակ դիրքորոշումը և մնում է անփոփոխ՝ հողերի ոչ մի փոխանակում, Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովում, Արցախի կարգավիճակի հստակեցում, բառացում Արցախի ենթակայությունը Ադրբեջանին, հարցի կարգավորում բանակցությունների միջոցով՝ Մինսկի խմբի համանախագահների և երկու պետությունների ղեկավարների անմիջական հանդիպումներով, հարկ եղած դեպքում Արցախի իշխանությունների մասնակցությամբ
-հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչների և կատարողների նկատմամբ ընթացող նախաքննությանը օժանդակում:
Այնուհետև վարչապետն անդրադարձավ դրանց իրագործման ուղղությամբ մինչ այժմ հանրապետականների հետևողական աշխատանքին, այդ թվում կառավարության գործունեությանը, որի համար պատասխանատվություն է վերցրել կուսակցությունը, նշելով, որ արդյունքների ու բացթողումների մասին մանրամասն կխոսվի համագումարում. «Կուսակցությունն իր գործունեությունը գործադիր իշխանությոնում իրականացնում է հանրապետական կուսակցության անդամ նախարարներով, փոխնախարարներով, մարզպետներով և գործադիր իշխանության տարբեր օղակներում աշխատող մեր ընկերներով: Աշխատանքը պատասխանատու է, ծանր, անընդհատ հասարակական հսկողության տակ: Մերոնք պատկերացնում են իրենց պատասխանատվությունը, և եթե լինում են սխալներ, բացթողումներ, ապա նրանք ավելի խիստ են պատժվում: Հավատացած եմ, որ մենք բոլորս և կառավարությունում, և Ազգային Ժողովում, և տեղերում ամեն ինչ արել ենք և անելու ենք, որ այս ծանր պատասխանատվությունը, որ վերցրել է Հանրապետական կուսակցությունը, պատվով կատարի», -եզրափակել է վարչապետը: